Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ դեռեւս շարունակելով առերեսվել բռնի տեղահանմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:
Չի իրականացվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ»:
Դեռեւս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները եւ, առաջին հերթին, իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը եւ համապատասխան պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքների դեօկուպացիայի միջոցով: Քաղաքականացնելով տուժած ազգաբնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների եւ, մասնավորապես, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ:
Արդյունքում` ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան յոթ ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից։ Հայաստանը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հակամարտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին` մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի հիման վրա:
Դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը եւ դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը: Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որեւէ հանգամանքից, այդ թվում` տարածքի կարգավիճակից»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: