«Խոսակցություն է եղել, հարթվել է. ես գնացել էի ընտրատեղամաս ընտրության, այդ ժամանակ տեսա խոսակցություն, մինչեւ հիմա չգիտեմ՝ ում միջեւ էր խոսակցությունը, կեսից եմ ներկա եղել, մասնակից չեմ եղել, փորձել եմ հարթել, գյուղացիներ են, խնդրել եմ, որ իրար միջեւ ինչ-որ բան չլինի, ընտրությունից հետո կյանք կա, մենք այդ գյուղում ենք ապրում, իրար երեսի ենք նայելու, լավ կլինի, որ ավելի հանդարտ լինի»,-Irakanum.am-ին պատմեց իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Պատգամավորը ընտրության էր գնացել Նոր Կյանք գյուղում:
Հիշեցնենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների եւ տելեգրամյան ալիքների՝ Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում եւ ընդհանրապես այսօր իմքայլականները շրջում են ընտրատեղամասերում, կոնֆլիկտեր հրահրում, որ ոստիկանությունն արագ չեզոքացնի ընդդիմության վստահված անձանց:
«Իրականությանը չի համապատասխանում, ստում են, մանիպուլացնում են, որ փորձեն մեզ վարկաբեկեն, ընդդիմության վստահված անձանց հեռացնելու խնդիր մեր առջեւ չունենք դրված, եթե նկատում եք հակառակ ճամբարում ինչքան մարդ է ձերբակալվում փող բաժանելու ու այս տականքության մեջ ինչքան մարդ է մեղադրվում, իսկ տեսել եք մի դեպք, երբ իշխանությունը փող բաժանի, ընդհակառակը իշխանությունը պայքարում է այդ ընտրակեղծիքի , կաշառքի դեմ ու այս զզվելի գործընթացների դեմ, երբ այդ գործի մեջ բավականին փորձառու մարդիկ հիմա էլ փորձում են նման բաներ անել»,- հավելեց պատգամավորը:
Irakanum.am