Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է։ ԱԺ արտահերթ ընտրություններին 25 քաղաքական ուժ է մասնակցում։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ընտրողների ձայների 5, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը։ Եթե ուժերից մեկը չստանա 50 + մանդատ ու 6-օրյա ժամկետում դաշինք չկազմի մեկ այլ ուժի հետ, ապա անխուսափելի է ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։ Կոալիցիա կարող է կազմել առավելագույնը երեք ուժ։ Կայուն մեծամասնության համար քաղաքական ուժերից մեկին անհրաժեշտ է 54 մանդատ։
Քաղաքացիները քվեարկության նոր կարգով կընտրեն իրենց նախընտրելի կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին՝ քվեաթերթիկը պարզապես տեղադրելով ծրարի մեջ, գրիչ պետք չէ։
ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823մարդ։ Հանրապետության տարածքում կգործի 2008 տեղամաս։ Վստահված անձանցից բացի, 1700-ից ավելի տեղացի ու արտասահմանցի դիտորդ, 100-ից ավելի լրատվամիջոց է հետևելու։ Ընտրության նախնական արդյունքները հայտնի կդառնան երկուշաբթի։
Գլխավոր դատախազությունը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ ընտրողին ոչ ոք իրավունք չունի հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը, որևէ եղանակով ստուգելու քվեաթերթիկը, առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ, որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը, հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ: Գերատեսչությունից զգուշացնում են՝ նման արարքներ իրականացրած անձինք կպատժվեն ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Հանցավոր արարք է նաև ընտրակաշառք տալը, վերցնելը, պատիժը սահմանում է քրեական օրենսգիրքը՝ ընդհուպ մինչև 5 տարի ազատազրկում։
Irakanum.am