«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը անտեսել է մարդկային հորդորս՝ ի պաշտոնե իր բարձրաձայնած կեղծիքի համար ներողություն խնդրելու, ապա հայտնեմ, որ օմբուդսմենի հայտարարությունը ակնհայտ զրպարտություն է, վնաս է հասցնում իմ պատվին և արժանապատվությանը, հետևաբար, եկող շաբաթվա ընթացքում դիմելու եմ դատարան` պաշտպանելու իմ իրավունքներն ու օրինական շահերը: Այնուհետև դիմելու եմ դատախազին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով:
Շնորհակալություն ուշադրության համար»։
Նշենք, որ Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ իր աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: