00:00:00

Այսքան ճնշումների փորձեր չէինք զգացել, մասնավորապես իշխանական թևից. Արամ Նավասարդյան

13:39, 18 հունիս 2021

Վերջին 11 տարվա ընթացքում մեր կազմակերպությունը և անձամբ ես այսքան ճնշումների փորձեր չէինք զգացել, մասնավորապես իշխանական թևից։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Գելլափ» ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։ Վերջինս վստահեցրեց, որ իր հրապարակած տվյալները ճիշտ են անկախ նրանից դրանք դուր են գալիս քաղաքական ուժերին, թե ոչ։ «Չեմ հավակնում, որ մեր կազմակերպությունն իդեալական և 100 տոկոսանոց ճշմարտություն է։ Եթե այդպես լիներ, պետք չէր լինի ընտրություններ իրականացնել։ Մենք հարցումներ կիրականացնեինք, կհրապարակեինք և ուժերն այս ցուցանիշներով կանցնեին ԱԺ, բայց սա մոտեցում է, որով փորձում ենք կանխատեսել։ Մի քանի լրատվամիջոց վերջին երկու օրվա մեջ փորձել է «Գելլափ» ընկերության հետ կապված որոշակի թերահավատություն մտցնել հասարակության մեջ, բայց ոչ հիմնավոր։ Կան նաև քաղաքական գործիչներ, որ նշում են՝ պետք չէ հավատալ այս թվերին։ 2018թ.-ից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլ»-ի ցուցանիշը ֆանտաստիկ բարձր էր, արձանագրել ենք դա ու ներկայացրել։ Չեմ հիշում, որ իշխանական թևից ինչ-որ մեկը դժգոհություն ունենար և կասկածներ հարուցեր։ Բայց քանի որ իրենց վերջին ցուցանիշները ցածր էին, նույն մարդիկ, որ ծափահարում ու ողջունում էին, հիմա ասում են՝ այս թվերն արժանահավատ չեն։ Պետք է կողմնորոշվեն, կա՛մ այն ժամանակ էլ ճիշտ չէին, կա՛մ հիմա էլ ճիշտ չեն»,-ասաց Արամ Նավասարդյանը։ Նրա խոսքով իշխանական պատգամավորներից մեկի կինն իրենց ղեկավարությանը նամակ է գրել, որ իրենց ներկայացրած տվյալները կեղծ են։ Դիտարկմանը, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «Գելլափ»-ի նախավերջին հարցումները կատարվել են ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ, Արամ Նավասարդյանն ասաց, որ չի կարող անդրադառնալ Ալեն Սիմոնյանին. «Կգերադասեի չանդրադառնալ, որովհետև չեմ սիրում ընկածներին հարվածներ հասցնել։ Ավելի լավ կլինի Ալեն Սիմոնյանը հարցում անցկացնի իրենց նոսր հանրահավաքներին»,-նշեց Արամ Նավասարդյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր