00:00:00

Հարցազրույց Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրամյանի հետ

15:22, 17 հունիս 2021

-Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել արտահերթ խարհրդարանական ընտրություններին: -Ես որպես հայ մարդ չէի կարող այս դժվարին իրավիճակում չլինել իմ երկրի և պետության կողքին: Որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան,  օժտված լինելով հատուկ կարգավիճակով ու ծանրակշիռ իրավասություններով, չէի կարող պարզապես դիտորդի կարգավիճակով հետևել թե ինչ է կատարվում Հայաստանում: Պատերազմ: Համավարակ: Համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներ, ներքին տարաձայնություններ ու խորացող ճգնաժամ: Նայեք Ձեր շուրջը. բոլորը բոլորին վիրավորում են, չկա տարրական հարգանք մեկը մյուսի հանդեպ: «Ֆեյքերի ֆաբրիկաները», որոնք ղեկավարվում են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների կողմից, թույլ չեն տալիս, որ լարվածությունը գոնե մի փոքր նվազի: Այս իրավիճակի պատասխանատուն այս իշխանությունն է: Այն անկարող է դիմակայել ներկա մարտահրավերներին: Ասե՛ք ինչպես լուռ և դիտորդի աչքով հետևեմ այս իրավիճակին՝ պետականության հնարավոր կորստին: Ես միշտ ակտիվ մասնակցություն եմ ունեցել և շարունակում եմ այդ մասնակցությունը Հայաստանի և Արցախի քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքին: 30 տարի եղել եմ Հայաստանի կողքին, մշտապես օգնել եմ և շարունակելու եմ օգնել՝  մեր երկրի պաշտպանության և անվտանգության պահպանման համար: Ակտիվ կապի մեջ եմ եղել պետության բոլոր ղեկավարների հետ՝ դեռ խորհրդային ժամանակներից: Փորձել եմ հասկանալ երկիրս ինչի կարիք ունի: Տեսնելով այս իրավիճակը՝ անհրաժեշտություն եմ համարել մասնակցել ընտրական գործընթացին: Ինչո՞ւ որոշեցիք ընտրել Մեր տունը Հայաստանն է կուսակցությունը: Ընտրություններին մասնակցելու որոշումս կայացրել եմ գարնանը: Այստեղ գալով բազմաթիվ հանդիպումներ, խորհրդակցություններ, բանակցություններ եմ անցկացրել: Հանդիպել եմ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների, ակտիվիստների, բիզնեսի ներկայացուցիչների և այլոց: Նրանցից շատ շատերի հետ ունեմ լավ և արդեն ձևավորված կայուն գործընկերային հարաբերություններ: Ուսումնասիրել եմ տարբեր կուսակցությունների քաղաքական պլատֆորմներ և ընտրական ծրագրեր: Եթե Դուք տեսնեք այլ կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ապա կնկատեք, որ մեծ մասամբ դրանց ծրագրային դրույթները համընկնում են: Պետք է արձանագրեմ, որ այս ծրագրերն ունեն դեկլերատիվ բնույթ: Դժվարանում եմ պատկերացնել, թե այդ կուսակցությունները գործնականում ինչ մեխանիզմներ և հնարավորություններ ունեն, որ կարողանան իրականացնել հայտարարված ծրագրային գլոբալ խնդիրները: Գնահատելով իմ հնարավորությունները, փորձը և միջազգային կապերը Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կորեայում, Չինաստանում և այլ երկրներում՝ որոշեցի գաղափարակիրցներիս հետ ունենալ կուսակցություն՝ Մեր տունը Հայաստանն է: Ես մտադիր էի համախմբել քաղաքական առողջ ուժերին: Մենք վստահ ենք, որ, համատեղելով ջանքերը, մենք կկարողանանք հասնել մեր և Ձեր երազած իրականությանը: Մենք դեռ միասին երկար ճանապարհ ենք անցնելու: -Ի՞նչ հիմքեր կան (բացի ցանկությունից), որ հնարավորություն եք տեսնում, թե կարող եք լուծել երկրի առաջ ծառացած խնդիրերը: -Իմ պատասխանը կլինի բազմաշերտ: Ես ունեմ բավականին մեծ փորձ և հարուստ կենսագրություն: Եվ ես հպարտ եմ դրանով: Իմ գործունեության մասին հիմա չեմ պատմի, դրան կարող եք ծանոթանալ իմ անձնական կայքում ՝ https://araabramyan.ru: Ի դեպ, ինձ քննադատողներին ևս խորհուրդ եմ տալիս այցելել իմ կայքը: Գուցե նրանք այնտեղ «քննադատության ավելի շատ հետաքրքիր թեմաներ» կգտնեն: Բավական երիտասարդ տարիքում աշխատանքի եմ հրավիրվել ԽՍՀՄ,  Էլեկտրոնայաին ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում, զբաղեցրել եմ  պատասխանատու պաշտոն: Այդ ժամանակ դա մի ընդհանուր պետություն էր: ԽՍՀՄ փլուզումից հետո, արդեն գործունեություն եմ ծավալել բիզնես ոլորտում: Իմ ստեղծած առաջին ընկերությունները կրում էին «Համաձայնություն» և «Ազատություն» անվանումները, որոնք հանդիսանում են իմ կյանքի հիմնական սկզբունքները: Ինքս ստեղծել եմ իմ կապիտալը և, հպարտությամբ կարող եմ ասել, որ դա մաքուր կապիտալ է, ինչպես ընդունված է ասել բիզնեսի աշխարհում: Ստեղծել եմ Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և շատ ավելին: Ես եւ իմ թիմը հսկայական աշխատանք ենք իրականացնում, որի զգալի մասը, գուցեև տեսանելի չէ լայն հանրությանը: Ես մշտապես պետական համակարգում աշխատելու, շատերի համար գայթակղիչ առաջարկներ եմ ստացել: Բայց երբևէ չեմ մտածել վերադառնալ պետական համակարգ: Ինձ համար իմ ազատությունը շատ կարևոր է: Բացի այդ, իմ այսօրվա կարգավիճակն ինձ շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս գործելու ամբողջ աշխարհում, օգնելու հայրենիքիս, իրականացնելու բազմաթիվ մարդասիրական ծրագրեր: Արդեն 17 տարի հանդիսանում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Քաղաքակրթությունների երկխոսության բարի կամքի դեսպան: Սա, կարծում եմ, շատ բանի մասին է խոսում: Ես ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեմ շատ խոշոր քաղաքական գործիչների, միջազգային խոշոր ընկերությունների և համայնքների ղեկավարների, մշակույթի և սպորտի գործիչների ևայլոց հետ: Հանդիպել եմ շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կուբայի, Խորվաթիայի և այլ պետությունների ղեկավարների հետ: Իմ առաջարկով են ստեղծվել Ռւսաստան-Ֆրանսիա, Ռուսաստան-Արգենտինա, Ռուսաստան- Բրազիլիա և մի շարք այլ երկրների հետ բիզնես խորհուրդները, որնք ինքս եմ ղեկավարել: Ես կարողացա կայուն գործընկերային հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի տնտեսական, հասարակական  վերնախավի, մեծ հոլդինգների ղեկավարության հետ և այլն: 30 տարի, որքան հնարավոր է, օգտագործել եմ այս բոլոր հնարավորությունները' հայրենիքիս օգնելու, բարձրացնելու Հայաստանի հեղինակությունն  և  բոլոր ոլորտներում  համագործակցային  հարաբերությունները խորացնելու համար: Եվ դրա բազմաթիվ օրինակները կան ... Ես խորապես գիտեմ Հայաստանի պատմությունը, ավանդույթները, մարդկանց բնույթն ու արժանապատվության զգացումը: Գիտեմ ինչ դեր ունի   սփյուռքը աշխարհի շատ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և իհարկե Ռուսաստանում: Ես հասկանում եմ նաև  նրանց զգացմունքները: Մեր առաջնահերթություններից են եղել Ցեղասպանության խնդիրը, Արցախյան հիմնահարցը: Հատուկ այս հարցերի ուսումնասիրման համար ՌՀՄ կից ստեղծել ենք գիտական ինստիտուտ, որտեղ հրավիրվել են աշխարհի լավագույն գիտանկանները: Ցեղասպանագետների և միջազգային իրավունքի 50-ից ավլելի մասնագետների  ջանքերով ստեղծվել է Ցեղասպանության վերաբերյալ հասկայածավալ փաստագրական ժողովածու, որում ներկայացված են արխիվային այնպիսի փաստաթղթեր, որոնք անհասանելի են եղել շատերի համար: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Հայաստանում և Սփյուռքում առկա իրավիճակը: Իրականացրել ենք միջտարածաշրջանային հարաբերությունների, միջազգային հարաբերությունների իրավիճակային վերլուծություն: Վերլուծել ենք տնտեսության վիճակը, սոցիալական ոլորտը, բանակի վիճակը, անվտանգության խնդիրները և երկրի գործունեության այլ ասպեկտներ: Ներգրավվել ենք միջազգային փորձագետներ, ովքեր լավ գիտեն տարածաշրջանում և Հայաստանում տիրող իրավիճակը: Այս վերլուծության հիմքի վրա է մեր կուսակցությունը  մշակել ծրագիրը (տես կայք ՝ https://araabramyan.ru/ ): Այն հավասարակշռված է, պրագմատիկ և համակարգված եւ ընդգրկում է կառավարման բոլոր ոլորտները: Ծրագրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք ոչ միայն հայտարարենք մեր սկզբունքների, նպատակների ու խնդիրների մասին, այլ գործնականում մատնանշենք առկա խնդիրները հաղթահարելու և  երկիրի ներկան ու ապագան  զարգացնելու կազմակերպական մեխանիզմները: Ես ասում եմ՝ մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Մենք գիտենք, թե ինչպես, մենք կկարողանանք լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել: Մյուս կարեւոր հանգամանքը. մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք խրախուսում ենք երկխոսությունը, համագործակցությունը: Ես այս մասին բազմիցս ասել եմ: Եկեք համախմբվենք, մերժենք անձնական հավակնություններ, լսենք միմյանց, սահմանենք օրակարգ, գտնենք ընդհանուր լեզու, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ունի այս կամ այն ​​ընտրազանգվածը: Ի վերջո, մեծամասնության քվեն ստացողը պետք է առաջին հերթին մտածի այն մասին, թե ինչպես կարող է վաստակել մնացած ընտրողների վստահությունը: Սա լուրջ խնդիր է: Մենք իրավունք չունենք պառակտելու հասարակությունը, թույլ տալու նոր բախումներ և բաժանումներ։ Սա մեր ներքին հարցն է, և դա կախված չէ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից կամ մեր հարևաններից: Գիտեմ, որ շատ մարդիկ լավ են հասկանում այս հարցի էությունը և պատրաստ են երկխոսության: Մեր կուսակցությունը պատրաստ է ստանձնել այս առաքելությունը, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք դա իրագործել:  Եկեք համախմբվեք պետության և ժողովրդի շահի շուրջ: -Ձեր խոսքից կարող ենք ենթադրել, որ այդ երկխոսության մեջ տեղ կա նաև «իմ քայլը» խմբակցության համար, պատրա՞ստ եք նրանց էլ ներգրավվել: Մենք լավ ենք հասկանում առաջացած առճակատման պատճառները: Ժողովուրդը բաժանվեց երեք հիմնական մասի՝ նրանք, ովքեր շարունակում են աջակցել գործող իշխանությանը, ընդդիմությանը և նրանք, ովքեր չեն կողմնորոշվել: Իմ վերաբերմունքը ներկայիս կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայտնի է: Ես դա երբեք չեմ թաքցրել: Եվ ես այդ վերաբերմունքը ցույց եմ տվել նրա իշխանության գալու պահից: Ես հարյուր տոկոսով կանխատեսում էի, որ նա և իր թիմակիցները Հայաստանը տանելու են փլուզման: Այնուամենայնիվ, ինչպես և նախկինում, իմ սկզբունքներին համապատասխան, շարունակեցի համագործակցել կառավարության տարբեր կառույցների հետ, տրամադրեցի մարդասիրական օգնություն և այլն: Ձեր ուղղակի հարցին, իմ պատասխանն է՝  մենք չենք կարող հրաժարվել մեր ժողովրդի որևէ հատվածից։ Բոլորս պետք է միասին աշխատենք, պետք է կառուցողական լինենք, մտածենք թե ինչպես երկիրը համատեղ դուրս բերենք համակարգային ճգնաժամից: Բայց  Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ անկախ ուժերի հավասարակշռությունից և ընտրությունների արդյունքից: Նա և իր կառավարությունը պարտվել են: Պարտվողը պետք է հեռանա: Դա պետք է գիտակցեն նաեւ նրա կուսակցական գործընկերները: Այսօրվա իրավիճակին հանգեցրել են նաև 30 տարիների կառավարման բացթողումները: Հիմա մենք պետք է ազնվորեն խոսենք անցած բոլոր սխալների մասին ու միասնական ուժերով շտկենք դրանք՝ հանուն մեր պետության: -Ինչո՞ւ անձամբ չեք առաջադրվում, ցուցակում ընդգրկված չեք: -Օրենսդրորեն չեմ կարող անձամբ թեկնածու լինել, վերջին 4 տարում ՀՀ-ում չեմ բնակվել: Իմ խնդիրը պաշտուն ունենալը չէ, այլ օգնելն ու սատարելն իմ հայրենիքին, հայրենիքի կողքին լինելու համար. հայրենիքից ոչինչ չեմ ակնկալում և սպասում: Ես ամեն ինչ ունեմ, ինձ ոչինչ հարկավոր չէ, ես պարզապես ուզում եմ օգնել և որպես հայ նաև պարտավորված եմ զգում ինձ, ինչու ոչ, նաև մեր անմահ հերոսների առաջ և այն սերունդների, որոնց մենք անվտանգ հայրենիք ենք պարտք: Պաշտոն ունենալը չէ, որ պիտի ստիպի գործել, բայց դրա հետ մեկտեղ պատրաստ եմ վերցնել հայրենիքը ուժեղացնելու բարձր պատասխանատվությունը: -Ձեր կարծիքով ինչպիսի՞ չափանիշների պետք է համապատասխանի երկրի ղեկավարը: -Նախ պետք է փոխվի պետության կառավարման մոդելը՝ նախագահական կամ  կիսանախագահական: Կառավարման կառուցվածքը պետք է փոխվի` համապատասխան իրավիճակի մարտահրավերների: Կառավարությունում պետք է աշխատեն միայն պրոֆեսիոնալ փորձ ունեցող մասնագետները: Կառավարության աշխատակազմում կարող են ներգրավված լինել նաև սփյուռքի ներկայացուցիչները: Իմ կարծիքով, երկրի ղեկավարին առաջադրված պահանջները պետք է ամրագրվի օրենսդրությամբ: Երկրի ղեկավարը պետք անցնի մանրամասն բժշկական հետազոտություն՝  հաշվի առնելով հոգեբանական առանձնահատկությունները: Կարծում եմ, պարտադիր պետք է անցնի պոլիգրաֆ հետազոտություն, որի տված արդյունքները էական նշանակություն կարող են ունենալ: Մինչև թեկնածու լինելը պետք է ստուգվի՝ պաշտոնի հավակնողը և իր մերձավորները ինչպիսի ֆինանսական միջոցներ ունեն, ինչ ծագում ունեն դրանք, արդյոք պարտաճանաչորեն և առանց խուսափելու վճարում են հարկերը և այլն: Էականներից է կրթությունը, հավասարակշռվածությունը, հայրենասիրությունը և հատկապես արժանապատվությունը: Կարևոր է նաև անձի հեղինակությունն աշխարհում: Եվս մի քանի հարց: -Թշնամիներ ու բարին չկամեցողներ ունե՞ք: Յուրաքանչյուր ոք, ով հայրենիքիս  թշնամի է, բնականաբար, իմ թշնամին է: Ով դեմ է իմ հայրենիքին, ես նրանց դեմ եմ: Ինչ վերաբերում է իմ անձնական, սոցիալական կյանքին, բիզնեսին և առհասարակ, կարծում եմ, որ թշնամիներ չունեմ, գուցե ունեմ մրցակիցներ:  Ես այդպես եմ մտածում: Ես հավատացյալ եմ: Իմ միջոցներով եկեղեցիներ եմ կառուցել Հայաստանում ՝ Մալիշկա գյուղում՝ իմ ծննդավայրում և Երևանում՝ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին՝ ի պատիվ Ռուսաստանի հետ մեր դարավոր բարեկամության: Աջակցել եմ Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում մի շարք հայկական եկեղեցիների կառուցմանն ու  բարեկարգմանը: Եվ շարունակում եմ այս գործունեությունը՝ հնարավորությանս սահմաններում: Իրականում, ես չեմ սիրում խոսել նման բաների մասին: Հավանաբար այդ է պատճառը, որ մեր շատ հայրենակիցներ չգիտեն, թե ինչ գործունեություն եմ ծավալում: Դրան գումարվում է նաև նախընտրական շրջանի ֆեյքնյուզը, որն ամեն գնով փորձում է վարկաբեկել ուժեղ անհատներին: Իմ բոլոր ծրագրերը նպատակ են ունեցել օգնել հայրենիքիս և աշխարհասփյուռ հայերին: Ես կարող էի մի բարեգործական ծրագրի փոխարեն մի քանի լրատվամիջոց գնել, որոնք 24 ժամ կգովեին ինձ: Բայց ես դրա կարիքը չունեմ: Ինձ համար կարևորը գործն է, դրական արդյունքը: Ի վերջո, մարդիկ մի օր անպայման կտեսնեն' ով ինչ է արել այս երկրի համար: Կեղծ տեղեկատվությունը քայքայում է հասարակությունը, և այդ խնդիրները պետք է լուծվեն հիմնովին՝ օրենսդրության միջոցով: Այդ պատճառով մեր կուսակցության ծրագրում  առաջարկվում է օրենք մշակել, որը թույլ կտա  բացահայտել կեղծիքները և խստորեն պատժել դրանց հեղինակներին: Դա կարևոր է երկրում բարոյական միջավայրի ձևավորման համար: Մեր երկրի համար առանցքային է կիբերանվտանգության հզոր համակարգի ստեղծումը: Մենք սա առաջարկեցինք իշխանություններին, նույնիսկ որպես ներդրումային նախագիծ: Օրինակ՝  այդ նպատակների համար Հայաստան հրավիրեցինք Նու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախկին նախագահի, Թրամփի իրավաբանական և անվտանգային հարցերով խորհրդական պարոն Ռուդոլֆ Ջուլիանիին և իր' կիբեռանվտանգության գծով կոլեգաներին: Մասնագետներ էին եկել նաև Ռուսաստանից: Ցավոք, այս հնարավորությունը ևս չօգտագործվեց: Հաշվի առնելով մեր երկրի համար այս կարևորը հանգամանքը՝ մեր նախընտրական ծրագրի նպատակներից մեկը կլինի Հայաստանում կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծումը: Անհրաժեշտության դեպքում, կառաջարենք օրենսդրական փոփոխություններ: Անցյալ պատերազմը նույնպես մատնանշում էր այս անհրաժեշտությունը: Փակագծերը չբացենք: -Ինչի՞ համար եք հիմնականում քննադատվում: Որտեղ եք տեսնում ձեր սխալներն ու թույլ կողմերը: -Կա կեղծիքի տարածում, սուբյեկտիվ քննադատություն, բայց նաև օբյեկտիվ քննադատություն: Օրինակ՝ ինձ քննադատում են վատ ռուսերենի համար, ընդ որում, միայն Հայաստանում: Այո, նրանք ճիշտ են, ես, գուցե, ոչ այնքան լավ եմ խոսում, որքան կուզեի, բայց դա ինձ չի խանգարել հասնել միջազգային այնպիսի հեղինակության, որն անհասանելի է շատերի համար: Հետաքրքիրն այն է, որ քննադատում են մարդիկ, ովքեր հենց իրենք շատ վատ գիտեն ռուսերեն: Ես կարևորություն չեմ տվել այս քննադատությանը: Առաջին անգամ եմ մեկնաբանում այն: Ուզում են ասել, որ ինձ համար կարևորը ոչ թե փաթեթավորումն է, այլ  բովանդակությունը: Ես  հիմնել եմ Ռուսաստանի հայերի միությունը: Այժմ այն  Ռուսաստանում ամենակազմակերպվածներից մեկն է, որի հետ հաշվի են նստում պետական բոլոր մարմինները: Ռուսաստանի հայերի միությունը ներկայացուցչություններ ունի Ռուսաստանի բոլոր մարզերում, 645 քաղաքներում: Ես Ռուսաստանի ազգամիջյան հարաբերությունների, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից խորհրդի նախագահության անդամ եմ և Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր խորհրդի պետական ​​էթնիկական քաղաքականության տեղեկատվական աջակցության հանձնաժողովի նախագահ: Եվ այս ամենին ես հասել եմ, ոչ թե խոսքի, այլ՝ աշխատանքի արդյունքում: -Մի քանի ընդհանուր խոսքով կարող եք ասել, թե առաջնահերթ ինչ կանեք, եթե ձեր կուսակցությանը նման հնարավորություն տրվի: ▪         Պատերազմի հետեւանքների վերացում ▪         Անվտանգային խնդիրների լուծում ▪         Արտաքին քաղաքականության զարգացում և ամրապնդում ▪         Սոցիլական վիճակի բարելավվում ▪         Հանրային համերաշխության ապահովում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր