«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Առնվազն ընտրությունների հայտարարման պահից, մերձկրեմլյան շրջանակների պատվերով, հեղինակավոր ռուսական ընկերության մասնագետներ քաղաքական հարցումներ են իրականացնում Հայաստանում, ինչը չի հրապարակվում եւ հանդիսանում է առավելապես ներքին օգտագործման փաստաթուղթ: Սակայն մեզ հայտնի են դարձել որոշ նախնական դիտարկումներ:
Նախ, ի զարմանս ռուս մասնագետների՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ էլ հարցվողների մեկ երրորդը չի կողմնորոշվել կամ խուսափում է հստակ պատասխան տալ, ինչն էլ իր հերթին բարդացնում է ընտրությունների ելքի կանխատեսումը եւ մեծացնում անակնկալների հավանականությունը:
Մյուս միտումը, որ արձանագրել են ռուսաստանյան մասնագետները, այն է, որ երկու առաջատարները մրցապայքարի վերջին հատվածում մոբիլիզացնում են ոչ միայն իրենց ընտրազանգվածը, այլեւ իրենց դաշնակից համարվող ուժերի ընտրազանգվածը, որի արդյունքում երրորդ եւ միակ անցողիկ ուժը կարող է դառնալ երկու լիդերների ուղղակի սատելլիտ չհամարվող «Լուսավոր Հայաստանը»` բավականին տպավորիչ արդյունքով: