Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում միմյանց շահառու երկու ընկերություն օղու արտադրությամբ զբաղվել են փաստացի մի վայրում, սակայն ալկոհոլային խմիչքների արտադրություններ իրականացնելու ծանուցումներում նշել են այլ հասցեներ՝ խախտելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:
Օպերլիազորների կողմից առաջ են քաշվել նաև վարկածներ այդ տնտեսվարող սուբյեկտների կողմից կեղծ ձեռնարկատիրությամբ, հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշեր իրացնելու հանցագործությունների նախապատրաստման վերաբերյալ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հետազոտման համար վերցվել են ալկոհոլային խմիչքների նմուշներ և նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: