ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Վարչապետի պաշտոնակատարի նման հռետորաբանությամբ ելույթներից հետո այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս նույն սկզբունքով սկսում են ատելության ու բռնության բառապաշարով հայտարարություններ անել՝ սպառնալով Ոստիկանության միջամտությամբ («իրավապահ մարմինների կրունկների տակ եք հայտնվելու (....) ոտնատակ կտանք» և այլն):
2. ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետերի նկատմամբ:
Կոնկրետ դեպքում խոսքը նրա մասին է, երբ խոսվում է քրեական գործեր հարուցելու և քրեակատարողական հիմնարկների մասին, քանի որ Վարչապետը չունի ո՛չ քրեական գործեր հարուցելու, ո՛չ մարդկանց քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկելու հարցերում իրավասություն:
Հարցն այն է, որ համայնքների ղեկավարներն առաջնային մանդատով, ՀՀ քաղաքացու փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված պաշտոնյաներ են, իսկ Վարչապետի պաշտոնակատարի նման գնահատականը նախևառաջ խնդրահարույց է քաղաքացիների քաղաքական իրավունքների, առաջնահերթ՝ ընտրելու իրավունքի երաշխավորման տեսանկյունից:
3. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` զանգվածային ազատումների մասին խոսելը կապվում է աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների և կամայականությունների, գործադիր իշխանության կամայական միջամտությունների հետ:
Նշված հարցերին անդրադարձի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախընտրական քարոզարշավի հավաքների ժամանակ մարդկանց մոտ ընկալվում է հենց ՀՀ վարչապետի, այլ ոչ թե պաշտոնակատարի կարգավիճակով: Հավաքների կազմակերպիչներն իրենք, ելույթ ունեցողներն են ներկայացնում՝ որպես ՀՀ վարչապետ: