Հակառակ Մայր Աթոռից հնչող զսպվածության կոչերի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավի շրջանակներում քննադատության սլաքները պարբերաբար ուղղել Հայ Առաքելական եկեղեցուն ու եկեղեցականներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նման կեցվածքի պատճառները շատ են ու տարբեր, բայց 168.am-ի հետ զրույցում նա առանձնացրեց միայն մեկը՝ «հոգեբանականը»։
«Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման առաջին իսկ օրից ուղղակի մատնված է անճարության, որը իր մեջ ստեղծել է չափազանց դեպրեսիվ հոգեվիճակ: Մտածում եմ, որ վարչապետի պաշտոնակատարը մեծ դիլեմայի առջև է, մի կողմից՝ սեփական անձի մասին գերչափազանցված պատկերացումներ և մեսսիական առաքելության հիվանդագին ինքնավերագրումներ, իսկ մյուս կողմից՝ պոզիտիվ արդյունքներ ստեղծելու անկարողություն և, ըստ էության, համատարած ձախողումների պատկերներ:
Ակնհայտ է, որ այս երկու իրողությունները համադրելու անկարողությունը վարչապետի պաշտոնակատարի մեջ հանգեցրել է հոգեբանական լուրջ և խորը ճգնաժամի: Ապրելու իմաստը չկորցնելու և ինքնասպանությունից խույս տալու համար Փաշինյանին ուղղակի օդի պես անհրաժեշտ են մեղավորներ, որոնց ուսերին նա կկարողանա բեռնել իր ձախողումների պատասխանատվությունը: Երևում է նաև, որ այս հակումը Փաշինյանի մեջ այնքան է խորացել, որ կարելի է ձևակերպել մոտավորապես հետևյալ կերպ. «բոլորը, բոլորն են մեղավոր, բայց ոչ երբեք՝ ես»:
Մեղավորների ու պատասխանատուների փնտրտուքի ճանապարհին Փաշինյանը կառչում է քիչ թե շատ հայտնի որևէ հաստատության կամ անձի, և զարմանալի կլիներ, որ այդ մեղավորների ցանկի առաջին շարքում նրա կողմից ներկայացված չլինեին եկեղեցին և եկեղեցականները»: