«Ինչո՞ւ է թշնամին թիրախավորել և օր օրի փորձում ավելի ամուր ամրապնդվել հենց Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, պատահական է արդյոք կոնկրետ ուղղությունների ներխուժումը: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ռազմական գործիչ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից, ով բավական ուշագրավ փակագծեր բացեց՝ փաստելով, որ թշնամու կոնկրետ ուղղություններով առաջխաղացումը ամենևին էլ պատահական չէ.
-Այն, ինչ կատարվում է այսօր ՀՀ պետական սահմանին, նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա ստորագրված փաստաթղթով: Այնտեղ ավելի վատ կետեր կան ամրագրված, որոնց գործընթացը դեռևս սկսված չէ: Ես սրան անդրադարձել եմ դեռ անցյալ տարի՝ նոյեմբերին: Ասել եմ, որ մենք այսպիսի խնդիր ունենալու ենք Վարդենիսում և Սյունիքում: Մտահոգություններս հնչեցրել եմ թե՛ իմ հրապարակային ելույթներում, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առանձին հանդիպման ընթացքում: Ինձ վստահեցրել են, որ, այո, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց փաստվեց, որ մենք արդեն պաշտպանություն չունենք, մեր սահմանները բաց են, և մեր հակառակորդը անում է այն, ինչ ուզում է: Ասենք, շատ դեպքերում հակառակորդը նաև իրականացնում է պայմանավորված գործողություններ, որոնց հիմնավորումներ ևս կարելի է գտնել հիշատակված փաստաթղթում, այդ թվում՝ այն ուղղությունները, որոնցով նա մխրճվում է ՀՀ տարածք: