Նախօրեին Դիլիջանի Հաղարծին համայնքում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ մատաղ անողները եղել են Փաշինյանի ազգականները։ Մեր տեղեկություններով՝ մատաղի իդեան Փաշինյանի այն ազգականինն է եղել, որի նկատմամբ 2019-ին Փաշինյանի ցուցումով քրեական գործ հարուցվեց՝ որպես անաչառության ապացույց։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանի քեռորդին՝ Մամիկոն Հովհաննիսյանը, կեղծ դիպլոմով աշխատանքի էր ընդունվել «Դիլիջան» ՊՈԱԿ-ում, եւ նրա բարձրաստիճան ազգականը որոշեց, որ դա շատ լավ թեմա է փիառի համար, հրապարակային հայտարարություն արեց, գործ հարուցվեց, եւ դատարանի վճռով քեռորդին տուգանվեց 200 հազար դրամով։ Հենց նա էլ Հաղարծինում մորթել է ոչխարը։
«Հրապարակ օրաթերթ»-ին երեկ չհաջողվեց զրուցել Մամիկոն Հովհաննիսյանի հետ, խոսեցին Հաղարծինի ներկայացուցիչ-գյուղապետ (Դիլիջանի խոշորացված համայնքներից մեկի մասն է կազմում Հաղարծինը) Գեւորգ Թամրազյանի հետ։
- Պարոն Թամրազյան, ո՞ւմ գաղափարն էր Հաղարծինում Փաշինյանի ոտքերի տակ մատաղ անելը։
- Մատա՞ղ, ո՞վ է ասում՝ մատաղ ենք արել։
- Ոչխար չմորթեցի՞ք։
- Ժողովուրդը՝ որպես հարգանքի նշան, ոչխար մորթեցին։ Դա իմ իդեան չէր, ես ըտենց իդեոլոգ չեմ։
- Իսկ ո՞վ է ոչխարի գծով իդեոլոգը՝ ձեր համայնքի։
- Չեմ խորացել, բնակիչներ ունենք, որ Փաշինյանին ճանաչում են, իր հետ բարեկամ են, գառը բերել-մորթել են, մեկը ոտքն է պահել, մեկը՝ գլուխը, մյուսը դանակն է սրել։
- Բա Դո՞ւք ինչ եք արել։
- Բա եթե էդքանը գիտեք, դա էլ պիտի իմանայիք՝ ես էլ դիմավորել-ճանապարհել եմ, իմ պարտականությունը դա է։
- Ասում են՝ իր քեռու որդին՝ Մամիկոն Հովհաննիսյանն է կազմակերպել այդ, ինչպես Դուք ասացիք, հարգանքի միջոցառումը։