«Սրանք ինչքան լինեն իշխանության, այս վիճակը շարունակվելու է, այլ վիճակ չի կարող լինել: Ես արդեն մի քանի օր է՝ այդ օրինակն եմ բերում. Ես եղել եմ Սյունիքում՝ Տեղ գյուղում, սա սահմանամերձ խոշորացված համայնք է, միայն այդ համայնքից 350 հեկտար գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ստույգ թվեր չգիտեմ՝ Գեղարքունիքից ինչքան է գտնվում, բա այդպես է լինելու»,- Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդպես է լինելու, եթե զինվորին հրաման են տալիս՝ չկրակել: Եթե հրամանատարը իրավունք չունի որոշում կայացնել՝ ինչպես սահմանը պաշտպանել, բա ուրիշ ինչպե՞ս պետք է լինի: 8 ամիս է անցել, բա Հայաստանի սահմանները պետք է պաշտպանված լինեի՞ն, թե՞ ոչ: Տասնյակ տարիներով ասում էին՝ Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք, կոչ էին անում, ասում էին՝ պետք չէ, որ Հայաստանից զինվորները գնան՝ Ղարաբաղի սահմանը պահեն, ինչքան էլ փորձում էինք բացատրել, որ Գեղարքունիքից, Շիրակից, Լոռուց, Երևանից գնացած զորակոչիկները պաշտպանում են ՀՀ սահմանը նաև, չէին հասկանում: Հիմա բոլորս տեսանք, չէ՞՝ ինչ է նշանակում՝ Ղարաբաղում սահմանները չպաշտպանել»,- ընդգծեց նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ նույնիսկ, եթե լիներ սահմանազատում, ադրբեջանցին մտնելու է ՀՀ սահման. «Եթե դիմացը զորք չկա, մտնելու է: Ես վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու, ինչքան սրանք լինեն, ինչքան խաղաղություն մուրան: Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց ո՞վ է հարգում մուրացկանին»: