Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
Ըստ դիմումի՝ Հանրային հեռուստաընկերության արարքն ունի քաղաքական դրդապատճառներ, հիմքում ունի Կառավարության կոնկրետ հրահանգը և օրենքի ակնհայտ խախտում են, քանի որ հեռուստաընկերությունը չունի իրավասություն որոշելու, թե ինչն է վիրավորանք կամ ինչը զրպարտություն, և այն այդ պատրվակով խախտել է իրենց քաղաքական իրավունքները, իրականացրել գրաքննություն, իսկ դրանից առաջ հեռարձակել է ակնհայտ վիրավորական ու զրպարտչական արտահայտություններով այլ քաղաքական ուժերի քարոզչական հոլովակներ, այդ թվում՝ իրենց վերաբերյալ:
Նշված հարցերի հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հանրային հեռուստաընկերությանը տեղեկացնում է. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կոնկրետ գործով մասնավոր, այն էլ քաղաքական կազմակերպության նկատմամբ Պաշտպանի իրավասություն չի սահմանում:
Հետևաբար, Կառավարության հիմնադրած հեռուստաընկերությունը չի կարող նշված կոնկրետ գործով ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, քանի որ Պաշտպանի իրավասությունը կոնկրետ գործերով պետական կազմակերպությունների պաշտպանությունը չէ: Կոնկրետ դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի բողոքն ուղղված է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության դեմ, որն, ըստ դաշինքի բողոքի, գործել է հենց Կառավարության հրահանգով:
Վերը նշված դաշինքի կոնկրետ դիմումի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր հարցումներ կուղարկի Հանրային հեռուստաընկերություն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ինչից հետո միայն հնարավոր կլինի գնահատել Հանրային հեռուստաընկերության արարքը»։