00:00:00

«Եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսի մեզ հետ, եթե նրանք դա չանեն, կզղջան դրա համար». Ալիև

22:09, 12 հունիս 2021 Արտաքին քաղաքականություն

Եթե Երևանը խաղաղություն է ուզում, ապա պետք է պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ վարի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը տասը երկրի նորանշանակ դեսպանների ընդունելության ժամանակ, գրում է minval.az-ը: «Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, մեզ նույնպես պետք է խաղաղության համաձայնագիր: Եթե Հայաստանը պատերազմ ցանկանա, կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ տարվա աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա նրանք պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսեն մեզ հետ: Եթե նրանք դա չանեն, կզղջան դրա համար»,- սպառնացել է Ալիևը: Նա նշել է, որ Հայաստանը «մերժում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը»: «Ցավոք, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին մեր բաց հայտարարություններին Հայաստանի կառավարությունը չի արձագանքում: Հայաստանի կառավարությունը նաև անտեսում է մեր առաջարկը, որին աջակցում են միջազգային խոշոր կողմերը՝ բանակցություններ սկսել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման շուրջ: Մենք դա չենք հասկանում»,-ասել է Ալիևը: Ադրբեջանի ղեկավարը հավելել է, թե Բաքուն պատրաստ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր