Ցանկացած ոլորտ, երբ գրանցվում է խախտում, ոչ ճիշտ վերաբերմունք, սխալ, տվյալ խնդիրը պետք է վեր հանվի, պետք է գնահատական տրվի տվյալ խնդրին և ոչ թե տրվի ընդհանրական ողջ համակարգին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արցախի պատերազմում զոհվածների դիերի ոչ պատշաճ պահման պայմաններին։
«Ընդհանրապես դիերի հետ կապված բոլոր մանրամասները չափազանց զգայուն, նուրբ թեմաներ են, որոնց վրա կարելի է շահարկել ցանկացած բան։ Ես զարմացած եմ, որ անգամ դիակների՝ պարկերում լինելը դարձավ մեծ քննարկման առիթ, որը ինձ համար անընդունելի է։ Որոշակի շահարկումները խառնվում են կոնկրետ պրոբլեմի հետ, և այսպես փոթորիկներ են հրահրվում»,–ասաց նա և նշեց, որ միանշանակ պետք է դրանք պարկերի մեջ լինեին։