Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։ Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։
«Ես ինչքան հետևել եմ արձագանքներին՝ հանրությունը մի փոքր տարակուսած է, նրանք հարց են տալիս, ասում են՝ հիմա չհասկացանք Սարգսյանն ուզում էր վնա՞ս, թե՞ օգուտ տա։ Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին յոթ ամսվա ընթացքում մենք արել ենք. ինչի՞ մասին է այդ պատմությունը, նրա մասին, որ 2018 թվականի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ես ժառանգել եմ դեֆորմացված վիճակում ու որն է եղել ամենակարևոր պրոբլեմը, եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների ու կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը», -հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, այլ տեղի է ունեցել շատ ավելի վաղ։