Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված հայտարարություններին։
«1. Նա իր խոսքում նշեց, որ Սյունիքի մարզում հանդիպում է իրականացրել` «հնարավոր ընտրական հանցագործությունները կանխարգելելու» նպատակով: Հատուկ Արթուր Դավթյանի համար պարզաբանեմ՝ դատախազության սահմանադրական լիազորությունների մեջ հանցագործությունների կանխարգելումը չի մտնում։ Ավելին՝ ՀՀ-ում դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Դատախազության լիազորությունները սպառիչ թվարկված են Սահմանադրությամբ, ուստի առնվազն ոչ պրոֆեսիոնալ է, որ դատախազությունն իրեն վերագրում է լիազորություն, որը սահմանված չէ Սահմանադրությամբ։
2. Չեմ կարող չհամաձայնել այն հանգամանքի հետ, որ, այո, մասնավոր սեկտորի ներգրավվումը «կանխարգելելիչ խորհրդակցությունը» իսկապես աննախադեպ է, բայց որևէ տեսակի հանցագործության կանխարգելումը որևէ տրամաբանությամբ չի կարող տեղավորվել մասնավոր սեկտորի լիազորությունների մեջ: Ասեմ ավելին՝ այն կարող է դիտվել ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ պետական այն էլ քրեական հետապնդման մարմնի ուղիղ միջամտություն։