«Երեք տարի է, ինչ մեր քաղաքական կյանք է ներմուծվել ատելության մշակույթը։ Չէ, մենք այնքան միամիտ չենք, որ մտածենք, թե նախկինում բոլորս միմյանց սիրող, միմյանցով միշտ հիացող, միմյանց գնահատող, իրար հաջողություններով ուրախացող ենք եղել: Սակայն այն թույնի, ատելության ու թշնամանքի մթնոլորտը, որ տարածում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, պարզապես աննախադեպ է և ուղղված է մեր հանրության անդառնալի դեգրադացմանը, որի հետևանքները վերացնելը նույնիսկ Նիկոլին իշխանության ղեկից վռնդելուց հետ էլ շատ դժվար է լինելու: Նա այդ ամենը տարածել է նաև նախկինում, երբ թերթի խմբագիր, ապա և ընդդիմադիր պատգամավոր էր: Նա այդ ամենը տարածելու է նաև հետագայում՝ որտեղ էլ լինի:
Դա նրա տեսակն է, կերպարը, բնույթը: Հիմա էլ քաղաքական դաշտի հիմնական խոսույթը, այն էլ նախընտրական փուլում, նա ձևավորում է բացառապես մեղադրանքների, թշնամանքի ու ատելության գեներացման, ստի, կեղծիքի, անհավասարակշիռ բղավոցների ու հիստերիաների հողի վրա։ Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես որևէ ասելիք չունի, ի՞նչ ծրագրերի մասին կարող է նա խոսել, երբ բոլոր ոլորտներում ձախողումներ է արձանագրել ու անգամ չի կարողացել գոնե մեր ունեցածը պահել։ Ուստի Փաշինյանի համար այս ընտրություններում դիվիդենտներ շահելու միակ տարբերակը մնացել է նախկիններին ուղղված մեղադրանքների ֆոնին «հերոսանալը»։
Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նա «առյուծ է կտրում» ու «տղամարդ» է երևակայում միայն ներքին դաշտում, ընդ որում՝ օրվա մեջ կասկածելիորեն նրա ձայնի տոնայնությունը փոխվում է, և որքան օրն ավարտին է մոտենում, այնքան ավելի բարձր է բղավում ու գոռգոռում: Ընդունենք, որ սա ուսումնասիրության լուրջ թեմա է: Սակայն նա ձկան նման համր է արտաքին դաշտում նույնիսկ իր անձը պաշտպանելու հարցում, էլ չենք խոսում մեր երկրի ու ժողովրդի շահերի մասին, որոնք հազիվ թե Նիկոլին հետաքրքրում են: Օրինակ՝ ողջ աշխարհի առաջ Ալիևը ստորացնում է իրեն՝ ոչնչություն ու «հարբեցող ծաղրածու» անվանելով, նորանոր զիջումներ պարտադրելով Հայաստանին, օրեցօր նոր գերիներ տանելով, քայլ առ քայլ մեր տարածք ներխուժելով, իսկ Փաշինյանը թուրքերի ու ադրբեջանցիների առաջ հնազանդ հարսի դերակատարություն է ստանձնել՝ երկյուղելով որևէ թթու խոսք արտաբերել Ալիևի հասցեին։