Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության հարավային մայրաքաղաք` Դոնի Ռոստով է այցելել Երևանի պատվիրակությունը` քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ:
Պաշտոնական այցի առաջին օրը ռոստովյան գործընկերների ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Այնուհետև Երևանի քաղաքապետն ու պատվիրակության անդամները, Նոր Նախիջևանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են մատուցել նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
ՌԴ հարավային մայրաքաղաքի վարչակազմի նստավայրում` քաղաքապետարանում կայացավ Երևանի և Դոնի Ռոստովի ղեկավարների պաշտոնական ձևաչափով հանդիպումը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության հնգամյա ծրագիրը:
Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվեցին 2021-2025թթ. ընթացքում զարգացնել փոխգործակցությունը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: