ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2021թ. հունիսի 5-ին ահազանգ է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են արձակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ, երբ նա գյուղի արոտավայրում արածեցրել է մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Կրակահերթը դադարել է ՀՀ զինված ուժերի պատասխան կրակից հետո: Այս մասին նշել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ծառայողների այս գործողությունները բացահայտ հանցավոր են: Նրանք, փաստորեն, կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի իրավունքից, անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:
Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են նաև ՀՀ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի այլ գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:
Շարունակական փաստահավաք աշխատանքներն ակնհայտ են վկայում, որ ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող այս արարքները կապված են ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ հայատյաց ու թշնամանքի քաղաքականության հետ:
Այսօրվա միջադեպն ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները: