00:00:00

Մոսկվայում սահմանների և գերիների մասին եռակողմ բանակցությունները տապալվել են. աղբյուր

01:09, 04 հունիս 2021 Հասարակություն

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանում նախօրեին տեղի ունեցած եռակողմ բանակցությունները տապալվել են։ Այս մասին հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները՝ նշելով, որ ադրբեջանական կողմը Փաշինյանի Փարիզ կատարած այցը ու Ֆրանսիայի նախագահի հետ տեղի ունեցած բանակցությունները սադրանք է որակել։ Ինչպես տեղեկացրել ենք՝ երեքշաբթի տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ռուսական կողմի հետ, ապա չորեքշաբթի՝ հունիսի երկուսին, հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական ոլորտի ներկայացուցիչները՝ Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովի մասնակցությամբ։ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, թե եռակող բանակցությունների ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի գերեվարված մեր 6 հայ զինվորականների վերադարձի հարցը, սակայն ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները չեն հասել անգամ ՀՀ տարածքից գերեվարված վեց պահեստազորայիններին վերադարձնելուն։ Մեր աղբյուրը փոխանցմամբ՝ այն ժամանակ, երբ տեղի էր ունենալու եռակողմ բանակցությունները, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ էր հանդիպել, որից հետո Մակրոնը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, թե ադրբեջանական կողմը պետք է միակողմանի լքի ՀՀ տարածքը։ Ադրբեջանական կողմը հանդիպման ժամանակ հայտնել է, թե հայկական կողմը գերիների վերադարձի հարցով դիմել է իրենց հետ բանակցություններ սկսելու համար, բայց նույն ժամանակ ՀՀ առաջին դեմքը սադրիչ հայտարարություններ է հրահրում։ Ավելին՝ ադրբեջանցիները նշել են, թե անհասկանալի է իրենց համար, որ հայկական կողմը ինչո՞ւ է ՌԴ միջնորդությամբ հանդիպում Մոսկվայում, եթե առաջին դեմքը Փարիզում Ֆրանսիայի նախագահից է օգնություն խնդրում։ «Փաստացի՝ Փաշինյանը Ֆրանսիայում ոչ միայն ծննդյան օրն էր նշում, այլ փորձում սադրանքեր հրահրել՝ կասկածի տակ դնելով նաև ՌԴ միջնորդական ջանքերը։ Փաշինյանի՝ օգնության խնդրանքը աշխատեց ի վնաս ՀՀ-ի»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ ՌԴ-ում բանակցություններին զուգահեռ Ֆրանսիայի կողմից հայանպաստ հայտարարությունն ադրբեջանցիներն ի վնաս մեզ են օգտագործել՝ այդպիսով բացասական ազդեցություն թողնելով բանակցությունների վրա։ Դիվանագիտական շրջանակները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտեր բանակցությունների օրվա մասին, բայց Ֆրանսիա է մեկնել հենց այն օրերին, երբ եռակողմ բանակցությունների օրն արդեն հայտնի էր։ Հայկական կողմից բանակցություններին ներկա է եղել Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը։ Ադրբեջանական կողմից մասնակցում էր ներքին հետախուզության պետը՝ Արխան Սուլթանովը, որը Ալիևի աջ ձեռքն է, ամենամտերիմ մարդկանցից մեկը։ Ռուսական և ադրբեջանական կողմից հետաքրքրվել են՝ ինչո՞ւ է երկրի առաջին դեմքը այլ երկրից աջակցություն խնդրում, Կարապետյանը, ըստ աղբյուրների հայտնել է, որ ինքը Հայաստանում երկրորդ պաշտոնյան է, սակայն նրան հիշեցրել են, որ ինքը ԳՇ պետի տեղակալն է։ Կարապետյանը շարունակել է պնդել, որ ինքը երկրորդ դեմքն է, Նիկոլ Փաշինյանի հետ անձամբ է քննարկում քայլերի հաջորդականությունը, ինչը ծիծաղ է առաջացրել կողմերի մոտ։ Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ հաջորդ հանդիպումների մասին պայմանավորվածություններ ձեռք չեն բերել։ Չի բացառվում նաև, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Հավելենք նաև, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ հունիսի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել եռակողմ խորհրդակցություններ, բանակցությունները վերսկսվել են, այլ մանրամասներ չեն հաղորդել։ Հատկանշական է, որ ՀՀ ՊՆ-ն բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր