00:00:00

Նման բան անգամ թուրքը չէր անի իր զինվորի նկատմամբ.. ՊՆ պաշտոնյան՝ Աբովյանի դիահերձարանում կատարվածի մասին

18:58, 02 հունիս 2021 Հասարակություն

Պետք է պատժվեն ոչ միայն դիահերձարանի պահակները, դիահերձողները, գլխավոր բժիշկը, այլև նրանց ղեկավարներն ամենավերևից, եթե իրենց մեղքի բաժինն ունեն: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, 44-օրյա պատերազմի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Գևորգ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում արված սահմռկեցուցիչ տեսանյութին, որտեղ մեր նահատակ զինվորների մարմինները կամ մասունքներն էին՝ պարկերի մեջ, գետնին գցված:
«Նման բան անգամ թուրքը չէր անի իր զինվորի նկատմամբ, ինչպե՞ս կարելի է հերոս տղաների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել: Ես՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, պահանջում եմ շտապ ծառայողական քննություն անցկացնել, որի արդյունքում, հուսով եմ, քրգործ կհարուցվի, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Առանց ամաչելու էլ այս ամենի պատասխանատու ղեկավարները Հանրային հեռուստաընկերությամբ ելույթ են ունենում և արդարանում, թե մարմինները գտնվել են համապատասխան պայմաններում: Փաստ է՝ գործ ունենք առնվազն մի իրողության հետ, երբ վերահսկողություն չի իրականացվել վերադասի կողմից»,- նշեց նա:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ իշխանությունները որոշել են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչին և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակցի ազատել աշխատանքից, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Ըստ էության, սրանով այս սարսափելի թեման փակում են: Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել էր, թե 200 դի թաքցնելու մասին խոսք լինել չի կարող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր