Քաղաքական ուժերը սկսել են ակտիվորեն նախապատրաստվել հունիսի 20-ին սպասվող համապետական ընտրություններին: Ստեղծվում են նոր կուսակցություններ, ձևավորվում են անսպասելի դաշինքներ: Սակայն զուգահեռ իրականությունում հանրության մեծ մասը քաղաքական ապատիայի մեջ է: Չափազանց մեծ է քաղաքականությունից հիասթափվածների և անտարբեր մարդկանց թիվը: Պատերազմում պարտությունից հետո սոցիալ-տնտեսական վատ իրավիճակը, մարդկանց կենսամակարդակի շարունակական անկումը և սեփական անվտանգության հարցում ունեցած տագնապը խոր անվստահության մթնոլորտ է առաջացրել մեր երկրում:
Պետական-քաղաքական ինստիտուտների և շարքային քաղաքացու միջև անջրպետը գնալով խորանում է: Քաղաքական ուժերի տարբեր վերադասավորումները հաշվի առնելով` կարելի է կանխատեսել, որ սպասվում են շատ խայտաբղետ ընտրություններ, որոնց ընթացքում ամեն մի ուժ փորձելու է ձայներ կորզել ինչպես մեկը մյուսից, այնպես էլ հանրության չկողմնորոշված հատվածից: Այդ ընտրություններում ԲՀԿ-ն միայնակ է իշխանության հայտ ներկայացնում, քանի որ սկզբունքային դիրքերից է հանդես գալիս և ունի կայուն էլեկտորատ: Քաղաքական ուժերի մեծ մասը գիտակցում է, որ միայնակ ընտրություններում չի կարող հաղթահարել խորհրդարան անցնելու նվազագույն շեմը: Սա ունի պարզ բացատրություն:
Մարդիկ հոգնել են խաբված լինելուց, դատարկ խոստումներից, ստից ու կեղծիքից, հետևաբար անգամ մտադիր չեն մասնակցել ընտրություններին: Հրապուրվելով հեղափոխական ճառերով` հասարակ ընտրողը հիասթափվել է իր կատարած ընտրությունից, քանի որ այդ ընտրությունը միայն աղետ է բերել: Եվ չհավատալով ոչ մեկի խոսքին` ընտրողների մեծ մասը օտարվել է քաղաքական պրոցեսներից: Ինչպե՞ս շարքային ընտրողը կողմնորոշվի, թե ում կարելի է վստահել իշխանությունը, ինչպե՞ս կարելի է առողջացնել քաղաքական կյանքը Հայաստանում: Բանաձևը շատ պարզ է: Անհրաժեշտ է բանական ընտրություն կատարել, մի կողմ դնել էմոցիաները, սիրելատելը: Պարզապես պետք է տարբերել խոսքի և գործի մարդկանց: Իսկ նրանց կարելի է տարբերել՝ ուշադիր ուսումնասիրելով նրանց կենսագրությունը, թե ինչ օգուտ են բերել երկրին սեփական օրինակով: Թե որքանով են սկզբունքային, իսկապես սրտացավ մեր երկրին հուզող խնդիրների նկատմամբ, որքանով են նպաստել այդ խնդիրների լուծմանը: Ժամանակն է մերժել բոլոր դեմագոգներին: