00:00:00

Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա

19:19, 08 մայիս 2021 Հասարակություն

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իրականությունից հեռու է որակում այն լուրերը, թե իբր ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը: Բալասանյանը նման կարծիք հայտնել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Լուրեր էին շրջանառվում, թե Բալասանյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաք և առաջարկել ապամոնտաժել քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը: «Տեսեք, թե սոցիալական ցանցերում ովքեր են նման տեղեկություններ տարածում, ինչպիսի անցյալ ունեն, ինչով են զբաղված եղել այս տարիներին: Նրանք, ովքեր բարձրաձայնում են արձանի մասին, թե պետք է այն պաշտպանել, ճիշտ կլիներ, որ Ղարաբաղի սահմանը պաշտպանեին, Մարտունու շրջանը պաշտպանեին»,-ասել է Բալասանյանը: Նրա խոսքով՝ Նժդեհի արձանի մասին խոսակցություններ եղել են, սակայն ոչ թե դրա ապամոնտաժման, այլ տեղահանման, քանի որ այն դեռ լիովին ավարտին հասցված չէ:
Հարցին, թե տեղահանման դեպքում որտե՞ղ պետք է արձանը տեղադրվի՝ Բալասանյանը պատասխանել է, որ տեղը որոշողը մարտունեցիներն են: «Մենք չենք որոշողը, թե որտեղ պետք է լինի Նժդեհի արձանը: Այսինքն՝ քանդակագործն իր աշխատանքը կկատարի, և մարտունեցիներն իրենք կորոշեն՝ տեղում թողնել, թե թանգարան տեղափոխել: Սա տեղի բնակչության խնդիրն է»,-ասել է Բալասանյանը:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել էր Նժդեհի արձանն ապամոնտաժելու մասին լուրեր։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են մինչև մայիսի 9-ը ապամոնտաժել արձանը, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը: Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հերքել էր այդ լուրերը՝ ասելով, որ արձանը կանգնեցված է իր տեղում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր