ՀՀ ԱԺ-ն հատուկ նիստում տրվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացի մեկնարկը։
Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը չընդունվեց․Քվեարկությունը ընթացավ 1 կողմ, 3 դեմ և 75 ձեռնպահ արդյունքով ։
Դեմ են քվեարկել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Իմ քայլի» պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը եւ Բաբկեն Թունյանը։
Կողմ քվեարկած պատգամավորը «Իմ քայլ»-ը խմբակցությունից Նարեկ Ղահրամանյանն էր։
Նշենք, որ ավելի վաղ Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, որպեսզի ընթացակարգը պահպանվի և արտահերթ ընտրություններ կազմակերպվեն։
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի 140-րդ հոդվածի վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո` վեց օրվա ընթացքում: Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: