00:00:00

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը

18:31, 16 ապրիլ 2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը: Արթուր Թովմասյանի տարածած հայտարարությունում նշվում է. «Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը՝ Գտնում ենք, որ տարածաշրջանային բարդ զարգացումների ֆոնին հայտարարությունը նոր հնարավորություններ եւ թարմացված օրակարգ է առաջադրում: Հայտարարության մեջ շոշափված հարցերը ցույց են տալիս, որ համանախագահությունը հանգամանորեն տիրապետում է իրավիճակին՝ համապատասխանաբար առաջարկելով սեփական լուծումները: Կարեւորում ենք այն, որ համանախագահությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հակամարտության վերջնական համընդգրկուն եւ կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա, ինչը ենթադրում է նաեւ նախկինում համանախագահության կողմից քննարկված փաստաթղթերի թարմացում եւ լուծումներ: Հայտարարությունը նշանակալի է հատկապես Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների ֆոնին, որ հակամարտությունը կարգավորված է: Ողջունում ենք համանախագահների պատրաստակամությունը հետհակամարտային հումանիտար առաջնահերթությունների, մասնավորապես ռազմագերիների եւ այլ ձերբակալվածների վերադարձի հարցերի լուծման գործում: Ակնկալում ենք, որ համանախագահները, վերահաստատելով իրենց միջնորդական առաքելությունն ուղղված հակամարտության կարգավորմանը, կվերականգնեն տարածաշրջանային այցերի ու քննարկումների նախկին պրակտիկան, այդ թվում եւ՝ պաշտոնական Ստեփանակերտ, ինչը մեծապես կնպաստի հակամարտության կարգավորման գործընթացին : Մեծապես կարեւորում ենք համանախագահության կողմից կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրների բարձրաձայնումը եւ դրանց օրակարգային նշանակություն հաղորդելը, ինչը հրատապություն է ստացել Ադրբեջանի՝ ժամանակավոր վերահսկողության տակ հայտնված հայկական տարածքներում նրանց վարած բնաջնջման քաղաքականության ֆոնին: Ակնկալում ենք, որ այս հարցի լուծման գործում համապատասխան միջազգային կառույցները կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Հուսով ենք, որ համանախագահների կողմից հատուկ ուշադրության եւ պարսավանքի կարժանանան Ադրբեջանի կողմից հայատյացության նոր դրսեւորումները, մասնավորապես՝ վերջին օրերին, այսպես կոչված, « Ռազմական ավարի պուրակի» բացումը, ինչն իր նախադեպը չունի համաշխարհային իրականության մեջ: Հերթական անգամ բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը Արցախի Հանրապետությունում խաղաղապահության ինստիտուտ ներդնելու, ինչպես նաեւ համանախագահության միասնական ձեւաչափում հանդես գալու շարունակական գործելակերպը: Գտնում ենք, որ ՌԴ կողմից հակամարտության կարգավորման առանձին եւ գործուն ջանքերը կարող են լրացվել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից խնդիրներին լուծում տալու հնարավորություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր