00:00:00

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում երկու հարց է եղել

15:34, 16 ապրիլ 2021

Արցախի Ազգային ժողովը Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ  ապրիլի 16-ին հրավիրել է արտահերթ լիագումար նիստ: Այն վարում էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Օրակարգում երկու օրինագիծ էր: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը: Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն Արցախում եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգը եւ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը նախատեսող  հոդվածներում կատարել փոփոխություններ: Հարակից զեկույցով հանդես է եկել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Հանձնաժողովային քննարկման փուլում օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, Սեյրան Հայրապետյանն առաջարկել է այն ընդունել օրենքի տեսքով: Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է միաձայն: Լիագումար նիստի օրակարգի հաջորդ հարցը  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն էր: Այն մշակվել է արդարադատության նախարարության աշխատակազմի  կողմից: Օրինագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում՝ նպատակ ունենալով օրենքով նախատեսված դեպքերում կատարողական վարույթները ավարտվելու կամ կարճվելու դեպքերում սահմանել կատարողական գործողությունների կատարման ծախսերը չգանձելու դեպքերը: Ներկայացնելով օրինագիծը՝ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը տեղեկացրել է, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունն ընդունվել եւ ընդգրկվել է օրինագծի մեջ: Նախագիծն արժանացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի նախագահ Սեւակ Աղաջանյանն առաջարկել է կողմ քվեարկել: Օրինագծի ընդունմամբ՝ հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը,  ստեղծված իրադրության առանձնահատկությունները, հնարավորինս կբարելավվեն թե պարտապանների, թե պարտատերերի վիճակները: Քվեարկության արդյունքում օրինագիծը ընդունվել է միաձայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր