Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը հայտնում է, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ՝ քննարկելու համար հայաստանյան հետպատերազմական շրջանի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում սփյուռքի մասնագիտական ներգրավվածության թեման:
«Քննարկումը ծավալվել է հետեւյալ ուղղություններով.
Սփյուռքահայ մասնագետների ներգրավում աջակցելու համար տեղացի մասնագետներին էրգոթերապիայի, վերականգնող եւ ֆիզիկական թերապիաների ընթացքում
Աջակցություն տեղացի մասնագետներին պրոտեզավորման ժամանակակից տեխնոլոգիաների գծով (ինչպես ուսուցում, այնպես էլ պրոտեզավորման գործընթաց)
Հոգեբանական աջակցություն եւ ոլորտային փորձի փոխանակում սփյուռքի եւ Հայաստանի համապատասխան մասնագետների միջեւ
Արցախում աշխատավայրերի ստեղծում, եւ թե ինչպես սփյուռքի մեր հայրենակիցները կարող են աջակցել նոր ներդրումներին եւ բարեգործական նախաձեռնություններին
Եթե Դուք սփյուռքահայ եք եւ վերոնշյալ ոլորտներից որեւէ մեկում ներգրավված եք, խնդրում ենք գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով Ձեր փորձը եւ վկայականները»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ: