Սիրելի´ ուսանողներարդեն բավական ժամանակ է ինչ տեղեկանում եք, որ կառավարության նիստում ընդունվել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը առաջացնում է բավական մեծ դժգոհություն։
Ուսանողները իրենց խորը մտահոգությունն են հայտնում օրենքի նախագծի մի քանի հոդվածների մասին։ Այդ առիթով ցանկանում ենք ծանոթացնել օրենքի՝ ուսանողների համար կարևորագույն որոշ կետերին։
• Ռոտացիայի խնդիր․ օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, անվճար համակարգով ընդունված ուսանողը պահում է պետության կողմից հատկացված անվճար տեղը, եթե ապահովում է 80 տոկոս բարձր գնահատական, ստացվում է՝ վճարովի համակարգով ընդունված ուսանողը զրկվում է հետագայում անվճար համակարգ անցնելու հնարավորությունից։
Մեծ մրցութ ունեցող ցանկացած կրթական ծրագրում անվճար սովորող ուսանողները և վճարովիներից շատերը ունեն 80%-ից բարձր գնահատականներ, ինչը արդեն իսկ այդ մակարդակում անիմաստ է դարձնում անվճարի համար պայքարն ու ռոտացիա հասկացությունը։ Օրենքի նախագծի այս կետը զրկում է ուսանողությանը բարձր գնահատականներ ստանալու մոտիվացիայից։
• Բուհի բարձրագույն մարմնում՝ կառավարման խորհրդում, Ուսանողական Խորհրդարանն ունի 25 տոկոս ներկայացվածություն, ինչի շնորհիվ կարողանում է բարձրաձայնել և ներկայացնել ուսանողների խնդիրները։ Կատարվող փոփոխությունների արդյունքում՝ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը կրճատվում է, 32 -ից դառնալով՝ 12, ինչի հետևանքով նվազում է նաև ուսանողների ներկայացվածությունը, դառնալով 8 տոկոս, այսինքն 1 ուսանող։
Այս կետը արդեն բազմիցս բարձրաձայնել ենք և սա համաուսանողական խնդիր է, քանզի համալսարանի կառավարմանը ուսանողների մասնակցությունը հնարավորություն է տալիս տարբեր հարթակներում բարձրաձայնել ուսանողության ձայնը և հասնել ուսանողամետ լուծումների։
Ուսանողները քննադատորեն են մոտենում օրենքի նման նախագծին՝ տեղեկացնելով, որ այն սպառնալիք է ուսանողության իրավունքներին։ Կոչ ենք անում հաշվի առնել ուսանողության ձայնը, քանզի մենք ենք հանդիսանում մեր կրթության հիմնական շահառուն։
Առանց ուսանողության կարծիքները հաշվի առնելու նման որոշումը անընդունելի է։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ կառավարություն
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ուսանող Տիգրան Ալեքսանյանը։