«Այսօր «Միացյալ ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» դաշինքի ընտրական ցուցակի անդամները անձնական հայտարարություններով (մանդատները վայր դնելու մասին) դիմել են օրենսդիր մարմին: Սա ավարտում է միակուսակցական խորհրդարանի ձևավորման գործընթացը: Դրանից հետո խորհրդարանը պետք է որոշում կայացնի մեր լիազորությունները դադարեցնելու մասին»,-ասել է Բեժաշվիլին:
«Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները, ովքեր «Ազգային շարժման» հետ միասին մասնակցում էին ընտրություններին մեկ դաշինքի կազմում, նույնպես մանդատները վայր դնելու մասին հայտարարությամբ դիմել են խորհրդարան: Չորեքշաբթի օրը նախատեսում է նմանատիպ հայտարարություն ներկայացնել խորհրդարանին «Պետությունը ժողովրդի համար» կուսակցությունը, որը նույնպես դաշինքի մաս էր: Ընդհանուր առմամբ, ընտրություններից հետո դաշինքին բաժին էր հասել 36 մանդատ:
Ավելի վաղ իր մանդատից հրաժարվել էր Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Խորհրդարանն ունի յոթ օր ՝ մանդատները վայր դնելու դիմումները քննելու համար: Դեկտեմբերի 14-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ էր հայտարարել «Միացյալ ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Գիորգի Վաշաձե-Աղմաշենեբելի ռազմավարություն», «Լելո Վրաստանի համար», «Լեյբորիստական կուսակցություն» և «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն Ազատության» կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակները` ըստ իրենց խնդրանքի:
Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի են ունեցել երկրի խորհրդարանական ընտրությունները, խորհրդարան են անցել 7 կուսակցություն և երկու քաղաքական դաշինք. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը (48,15% ձայներով), «Ուժը միասնության մեջ է» դաշինքը` (27,14%), «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (3,78%), «Լելո» կուսակցությունը` (3,15%), «Աղմաշենեբելի ռազմավարություն» դաշինքը` (3,15%), «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը` (3,14%), «Գիրչի» կուսակցությունը` (2.89%), «Քաղաքացիներ» կուսակցությունը` (1,33%) և Լեյբորիստական կուսակցությունը (1%): Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են իրենց մանդատներից, խորհրդարանում մնացել է միայն իշխող` «Վրացական երազանք» կուսակցության խմբակցությունը: