00:00:00

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնացրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների՝ 6 ամսով երկարաձգումը

15:31, 16 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է ուկրաինական իրավիճակի հետ կապված Ռուսաստանի դեմ տնտեսական սահմանափակումները ևս վեց ամսով երկարացնելը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվյակի թվիթերյան գրառմանը: Հաջորդ փուլը ԵՄ խորհրդի կողմից պատժամիջոցների հաստատումն է և հրամանագրի հրապարակումը Եվրամիության «Պաշտոնական տեղեկագրում»: Ռուսաստանի դեմ ԵՄ տնտեսական պատժամիջոցները երկարաձգվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ԵՄ գագաթնաժողովների քաղաքական որոշումներից հետո, որոնք հիմնված են Ուկրաինայում հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնագրերի կատարման գնահատման վրա,  «Նորմանդական ձևաչափով» մասնակից երկրների՝  Գերմանիայի և Ֆրանսիայի հաղորդագրություններով: Դեկտեմբերի 10-ին ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը հաստատել են սահմանափակող միջոցների ռեժիմի հերթական երկարացումը: Որոշումը, որն ունի իրավական բնույթ, ընդունվում է ԵՄ Խորհրդի կողմից, իսկ Եվրամիության «Պաշտոնական տեղեկագրում» օրենսդրական ակտի հրապարակումից հետո սահմանափակող միջոցների երկարացումը ուժի մեջ է մտնում: Տնտեսական պատժամիջոցներն ի սկզբանե սահմանվել են 2014-ի հուլիսի 31-ին`մեկ տարի ժամկետով` ի պատասխան «Ուկրաինայի իրավիճակն ապակայունացնող Ռուսաստանի գործողությունների»: Դրանից հետո այս միջոցառումներն ուժեղացվել են 2014-ի սեպտեմբերին: Տնտեսական պատժամիջոցներից բացի, Ռուսաստանի դեմ գործում են ԵՄ այլ սահմանափակող միջոցներ՝ ի պատասխան ուկրաինական ճգնաժամի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր