Միակ քայլը, որ կարող էր անել Նիկոլ Փաշինյանը, որը, ցավոք սրտի, չարեց, այնպիսի սկզբունքների առաջքաշումն էր, որ տեղի ունենար գերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշեց, որ գերիների վերադարձի գործընթացը չի ավարտվել, քանի որ եռակողմ հայտարարության մեջ բացակայում է գերիների վերադարձի հետ կապված ժամկետը. «Նիկոլ Փաշինյանը հոգացել էր, որ Աղդամի կամ Քարվաճառի հանձնման ժամկետներ նշվեն, բայց գերիների հետ կապված՝ ոչ։ Բայց երեկ իշխանական քարոզչամեքենան այնպիսի հրճվանքով էր փիառվում գերիների այդ մի խմբի վերադարձի ֆոնին, որ, անկեղծ ասած, չգիտեի՝ ինչ ասել։ Նրանց բարոյականության շեմի մասին վաղուց արդեն դրական վերաբերմունք չունեմ, բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ՝ սարսափելի էր»։
Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ հայ գերիների վերադարձի գործընթացում մասնակցություն են ունեցել իրավաբանները եւ, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնությունը.
«Ուզում եմ ողջունել այդ տղաներին, որ վերջապես հասան հայրենիք, հասան իրենց ընտանիքներին։ Գիտեք՝ տարօրինակն ինչն էր, որ, փաստորեն, երկու մեծ մանիպուլյացիա, կեղծիք կատարվեց։ Նախ այնպես էին փիառվում, կարծես՝ իրենք այդտեղ ինչ-որ մասնակցություն ունեին։ Փաստ էր, որ այդտեղ աշխատել էին մեր իրավաբանները եւ, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնությունը։ Այնպես էին փիառվում, կարծես՝ Նիկոլ Փաշինյանը որեւէ քայլ է արել»։
Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանին ադրբեջանցի երկու դիվերսանտներին հանձնելով, մենք կորցրինք մեր հաղթաթուղթը՝ հարյուրավոր մյուս հայ գերիներին վերադարձնելու համար. «Նրանք կեղծ հայտարարություն էին տարածում, իբր երբ մենք ասում ենք՝ ինչու ես հանձնել դիվերսանտներին, կարծես՝ այնքան շատ էինք ուզում այդ ադրբեջանցիներին այստեղ պահել եւ դեմ էինք գերիների հետ փոխանակվեին, բայց իրականում հարցը նրանում էր, որ մենք ասում էինք՝ այդ դիվերսանտների համար Ալիեւը պատրաստ կլինի վերադարձնել բոլոր հայ գերիներին։ Պետք էր պահել այդ դիվերսանտներին մինչեւ վերջին պահը, որպեսզի բոլոր գերիները վերադառնային, որովհետեւ դա մեր հիմնական հաղթաթուղթն էր։ Պետք չէր այնպես անել, որ 44-ի վերադարձի համար տանք երկուսին, իսկ մյուսների համար, որոնք հարյուրներով են, չունենանք հաղթաթուղթ»։
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ երբ խնդրել է իրեն տրամադրել հայ գերիների տվյալներ, որպեսզի ինքը եվրոպացի իր գործընկերների հետ կապվի եւ փորձի աջակցել, ստացել է հարյուրավոր տեղեկություններ նրանց հարազատներից։
«Անբարոյականության դրսեւորում է նաեւ այն, որ մարդը սուգ է հայտարարում, ուզում է երթ անել, գնալ Եռաբլուր, բայց մինչեւ օրս չի ասել՝ ինչքան զոհ, գերի, անհետ կորած ունենք։ Այդ մարդկանցից շատերի քառասունքը վաղուց արդեն դուրս է եկել, ու դու չես ասել, չես հարգել նրանց հիշատակը, անունները ցուցակով չես տվել։ Այսինքն՝ քառասունքը հաշվվում է այդ խայտառակ կապիտուլյացիոն ակտը ստորագրելուդ օրվանի՞ց։ Կան բարոյական ստանդարտներ, այդ ժողովրդին պետք չէ այդքան իջեցնել։ Եթե դու չունես բարոյական ստանդարտ, մտածես՝ այդ մարդիկ էլ չունեն։ Իրենց զեկուցվել է, իրենք ավելին գիտեն»,- ասաց նա։
Հարցին՝ հայ գերիների վերադարձի գործընթացում իրավապաշտպանների աշխատանքը որքանո՞վ նպաստեց, Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ՝ բավականին շատ նպաստեց այն առումով, որ ՄԻԵԴ-ում կիրառվեց միջանկյալ միջոց, դա եւս նպաստեց գերիների ինդենտիֆիկացիայի, Ադրբեջանի կողմից ընդունելու, որ այդ մարդիկ գերի են»։
«Նիկոլ Փաշինյանն Ալիեւին ոչ մի բանով չի պատասխանում։ Նա Ալիեւին ոչ մի փաստարկ չունի պատասխանելու։ Դժբախտություն է, երբ ունես ղեկավար, որն Ալիեւի հետ խոսելու խիզախություն չունի, որովհետեւ վախենում է, որ Ալիեւն իր դեմ ինչ-որ փաստ կդնի»,- ընդգծեց նա։
Հարցին՝ վերադարձած գերիների վկայությունները կարո՞ղ են օգտագործվել ինդենտիֆիկացնելու համար մյուս գերիների վերադարձման գործընթացում, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Այո, օրինակ, իմ քեռու որդու ընկերներից մեկն ինդենտիֆիկացված գերի է, մենք չունենք վիդեոապացույց, որ նա գերի է, բայց անուղղակի ապացույցներով տեսել ենք, որ նա, ամենայն հավանականությամբ, գերի է։ Այս պրոցեսները շարունակական են։ Ինքս էլ ցուցակը թարմացնում եմ»։
Լրագրողի դիտարկմանը, որ պատերազմներից հետո անօրինական կերպով գերիներին վաճառելո պրակտիկա կա եւ հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կիրառի նման սցենար, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ադրբեջանն ամեն ինչ կարող է անել։ Եթե մենք չկարողանանք ինդենտիֆիկացնել, ցուցակն ունենալ, ապա մենք չենք կարող ասել՝ նրանց հետ ինչ կլինի. նրանց կյանքն է վտանգված»։