00:00:00

Ամբաստանյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձը 2 դեղատնում կատարել է ավազակություն և կողոպուտ․ ՔԿ

15:44, 15 դեկտեմբեր 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Ավան թաղամասում գործող դեղատների աշխատակցուհիների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2020 թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 23:50-ին, Ավան թաղամասում գործող դեղատներից մեկի աշխատակցուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել  դեղատուն, գնել դեղահաբեր, վճարել  գումարը, այնուհետև իրեն հրել-գցելով գետնին, դրամարկղից բացահայտ հափշտակելով 268.000 ՀՀ դրամ՝ դիմել է փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 4-րդ կետով: Բացի այդ, 2020թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23:30-ին, հաղորդում է ստացվել նաև մեկ այլ քաղաքացուց այն մասին, որ  նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ անձը Ավան թաղամասում գտնվող դեղատանը հարձակվել է իր քրոջ՝ դեղատան աշխատակցուհու վրա, քարով հարվածել է նրա գլխին, հափշտակել 30.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործերով իրականացվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, զննվել են անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները, իրականացվել է անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն, որի ընթացքում տուժողները՝ դեղատների աշխատակիցները, մատնացույց են արել լուսանկարներում պատկերված նույն անձին: Որոշում է կայացվել՝ վերոհիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը, որը Կոտայքի մարզի բնակիչ է՝ ծնված 1991թ.: Օրենքով սահմանված կարգով վերջինս հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել, և 2020 թ. դեկտեմբերի 10-ին նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել: Պարզվել է նաև, որ երիտասարդն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող մեկ այլ քրեական գործով հանդիսանում է ամբաստանյալ, ում նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը դեռևս 2019թ. հոկտեմբերին դատարանի կողմից փոխարինվել է գրավով: Բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզի 29-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր