ԱՄՆ-ն Եվրամիության հետ չի համակարգել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթյու Պալմերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա պարզաբանել է, որ ԵՄ-ի կողմից դեկտեմբերին Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնումը կապ չունի Ս-400-երի հետ, այն կապ ունի Միջերկրական ծովում իրավիճակի հետ, այդ պատճառով այդ միջոցները կապված չեն միմյանց հետ: «Մենք, իհարկե, խոսել ենք ԵՄ անդամ պետությունների եւ Եվրամիության ներկայացուցիչների հետ ԵՄ պոտենցիալ պատժամիջոցների մասին, սակայն մենք չենք համակարգել դա եվրոպացիաների հետ: Ես չեմ կարծում, որ նրանք դա մեզնից սպասում էին»,-ասել է նա:
Պալմերը պնդել է, որ Թուրքիան իր շահի համար, գերադասելի է, որ համագործակցի անվտանգության ոլորտում Արեւմուտքի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ:
Պալմերը կարծիք է հայտնել , որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ավելի շատ տարաձայնություններ կան, քան շփման կետեր: «Դա վերաբերում է Լիբիայի, ինչպես նաեւ Կովկասի իրավիճակին (երկխոսությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շուրջ): Դա վերաբերում է նաեւ Սիրիային»,-հավելել է նա:
«Թուրքիայի ռազմավարական շահերը պետք է հիմնվեն ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ լավագույն եւ ամուր գործընկերության կառուցման վրա»,-կարծիք է հայտնել նա: