Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի որոշման դեմ Երեւանում սկսված բողոքի ակցիաներին զուգահեռ ընդդիմադիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա նաեւ՝ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։
Մի քանի տասնյակ ընդդիմադիր եւ հասարակական գործիչ ձերբակալվել է, որոնցից մի մասին նաեւ մեղադրանքներ են առաջադրվել օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու, իսկ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին եւ Աշոտ Ավագյանին, նույն ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին նաեւ իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք զինամթերք պահելու համար ու նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են։