00:00:00

ԵՄ արտադրողները 2040 թվականին կդադարեցնեն բենզինային եւ դիզելային շարժիչներով բեռնատարների վաճառքը

16:39, 14 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Եվրամիությունում բեռնատարների ամենախոշոր արտադրողները որոշել են 2040 թվականին դադարեցնել բենզինային եւ դիզելային շարժիչներով մեծ տարողությամբ բեռնատարների վաճառքը՝ մեկ տասնամյակ ավելի շուտ, քան նախապես ծրագրված էր, հայտնում է Financial Times-ը: Համապատասխան պարտավորությունն ամրագրված է համաձայնագրում, որը Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի հովանու ներքո ստորագրել են Daimler, Scania, Man, Volvo, Daf, Iveco եւ Ford ընկերությունների ներկայացուցիչները: «Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ մենք միասին աշխատենք»,- պարբերականին ասել է շվեդական Scania ընկերության գլխավոր տնօրեն Հենրիկ Հենրիկսոնը: Նրա խոսքով՝ այս դաշինքը Պոտսդամի կլիմայական փոփոխությունների հետազոտությունների ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ նախատեսում է ուշադրությունը կենտրոնացնել մարտկոցային տեխնոլոգիաների, ջրածնի, վառելիքի էկոլոգիապես մաքուր տեսակների վրա: Միավորումը նոր տեխնոլոգիաների վրա կծախսի 50-100 մլրդ եվրո: Ավտոարտադրողները հանդես են եկել նաեւ էներգահամակարգերի մեջ խոշոր ներդրումների եւ ամբողջ Եվրոպայում ածխածնի արտանետումների հարկի բարձրացման օգտին: «Եթե քաղաքական գործիչները շարունակեն սուբսիդավորել հանածո վառելանյութի ոլորտը, մենք [պարտավորությունները կատարելու] մեծ դժվարություններ կունենանք,- արձանագրում է Հենրիկսոնը: - Անհրաժեշտ է փոխել մեր հաճախորդների, ինչպես նաեւ մեր հաճախորդների հաճախորդների մոտեցումը»: Պոտսդամի ինստիտուտի ղեկավար Յոհան Ռոկստրյոմը բենզինային եւ դիզելային շարժիչներով ավտոմեքենաներով բեռնափոխադրումները համարում է ապակարբոնացման ամենաբարդ ոլորտներից մեկը: «Այսօր այդ [ոլորտը] աշխարհում ցանկացած հասարակության հիմքն է»,- նշել է նա: Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովն անցյալ շաբաթ հաստատել է 2030 թվականին միության ածխածնային արտանետումները 1990 թվականի համեմատությամբ 55 տոկոսվ կրճատելու խնդիրը: Այս նորմը զգալիորեն գերազանցում է ԵՄ-ում մինչ այս պահը գոյություն ունեցող նորմերը, որոնցով նախատեսվում էր 2030 թվականին ածխածնային արտանետումների 40 տոկոսով կրճատում: Այսպիսի նորմերի խստացումը պահանջվում է Եվրահանձնաժողովի դրած խնդիրները կատարելու համար, որոնց համաձայն՝ 2050 թվականին Եվրամիության տնտեսությունը հասցվելու է մինչեւ զրոյական ածխածնային արտանետումների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր