00:00:00

Չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը եւ ակնկալում, որ իրենք էլ չեն բացառում մերը․ Մարուքյան

16:28, 14 դեկտեմբեր 2020

Մենք չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը եւ ակնկալում ենք, որ իրենք էլ չեն բացառում մեր թեկնածությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Օրը գա, բարին էլ՝ հետը։ Այդ առումով մեր շփումները շարունակվելու են, որեւէ վերջնակետ մեր խոսակցության մեջ չենք դրել։ Միշտ փորձ է արվում ընդդիմության դաշտում կռիվ փնտրել, մենք բազմիցս ասել ենք՝ ընդդիմության դաշտում մենք կռիվ չունենք»,- ասաց նա՝ անդրադառնալով իր եւ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպմանը։ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել երկրում ներկա իրավիճակից ելքերը, ինքն իր տեսլականն է ներկայացրել, Վազգեն Մանուկյանը՝ իր։ «Մեր պատկերացումներում որեւէ հակասություն չկա։ Բոլորը կարծում են, որ հարցը պետք է լուծվի խորհրդարանում։ Վազգեն Սարգսյանը նույնպես կարծում է, որ հարցը պետք է խորհրդարանում լուծվի»,- ասաց նա։ Էդմոն Մարուքյանը բացառեց իշխանության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։ «Որեւէ նման քննարկում չի եղել, չկա եւ ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Եթե տեսնեինք, բնականաբար, կլինեին նման քննարկումներ։ Իշխանությունը գիտի՝ եթե մենք վարչապետի հրաժարականն ենք պահանջում, գալու են մեզ առաջարկեն կոալիցիա՞»,- ասաց նա։ Մարուքյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանից բացի որեւէ այլ մեկի վարչապետի պաշտոնում չեն տեսնում։ «Մենք ունենք մեր առաջարկը, ընդդիմադիր այլ ուժերի խումբն էլ ունի իր առաջարկը։ Փորձագիտական խմբեր կան, որոնք էլ առաջարկում են ունենալ վարչապետի թեկնածու, որը քաղաքական չի, այլ կառավարիչ է։ Սա էլ է առաջարկություն։ Ցանկացած առաջարկություն ենթակա է քննարկման, ես պատրաստ եմ նման քննարկումների»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր