Մանկապարտեզի տնօրենը, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայողներին արձակուրդ է տրամադրվելու, որոշում է դիմում գրել և օրենքով սահմանված կարգով՝ իր հասանելիք 25 աշխատանքային օր արձակուրդը վերցնել՝ որդու վերադառնալուն պես նրա առողջական խնդիրներով զբաղվելու համար. «Նոյեմբերի 25-ին արձակուրդ ստանալու դիմում գրեցի, սակայն Նոր Նորքի վարչական շրջանի կրթության վարչությունից տեղեկացրին, որ դիմումս չեն բավարարել՝ հիմնավորելով, թե իմ նկատմամբ կարգապահական տույժ կա: Հայտնեցին նաև, որ արձակուրդիս դիմումը պատռել ու նետել են: Ասում եմ՝ չէ՞ որ այն օրինական փաստաթուղթ է, ո՞նց կարող էիք պատռել, ասում են՝ եկեք նորից գրեք: Բայց ես չեմ պատրաստվում կրկին գրել, երբ երեխաս վերադառնա այդ ժամանակ կգրեմ»,- նշեց զինծառայողի մայրը։
Լուսինե Քոթանջյանի խոսքով՝ իր նկատմամբ վերաբերմունքը խորը արմատներ ունի և տնօրեն նշանակվելու օրվանից ի վեր վատ վերաբերմունքի է արժանանում վարչական շրջանի ղեկավարության կողմից. «Բանն այն է, որ դեռևս 2019-ին, երբ նշանակվեցի մանկապարտեզի տնօրեն, պարզեցի, որ մանկապարտեզն ունի միլիոնավոր դրամների պարտք: Խնդիրները բարձրաձայնելուց հետո արժանացա վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետի և վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի կողմից հետապնդումների: Սպառնում էին, որ չեմ աշխատելու: