00:00:00

Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան

21:30, 27 նոյեմբեր 2020

«Հասարակության մեջ ձևավորվել է գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս այն հարցի շուրջ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով իրավունք չունի զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը և պետք է օր առաջ հեռանա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ նախկին տնօրենը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի զանգվածային ակցիաները որևէ արդյունքի չեն հանգեցրել։ «Պատերազմի սկզբից ի վեր Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը միտված են իր իշխանությունն ամեն կերպ պահպանելուն։ Բայց հավատացեք` նրա հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու, և նրա` վարչապետի պաշտոնին մնալու յուրաքանչյուր օրն ու վայրկյանը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար»,- շեշտեց Վանեցյանը։ Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի` Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը։ Վանեցյանը կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը։ Հարցին, թե ինչո՞ւ չի հավաքվում կրիտիկական այն զանգվածը, որի ճնշմամբ Փաշինյանը կարող է հեռանալ, Վանեցյանը պատասխանեց` կրիտիկական զանգվածը որոշվում է ոչ թե հրապարակում հավաքված մարդկանց քանակով, այլ մարդկանց ուղեղներում առկա ցանկություններով։ ԱԱԾ նախկին տնօրենը խոստովանեց, որ իրենց համար ևս դեռ հստակ չէ, թե Փաշինյանի հնարավոր հրաժարականի դեպքում ով է փոխարինելու նրան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր