Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ներառյալ` Երևան քաղաքում, վերջին օրերին արձանագրվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից ՀՀ բնակաչության նկատմամբ համակարգային բնույթ կրող մի շարք անօրինական գործողություններ, մասնավորապես՝
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, խախտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայամանագրերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, ՀՀ Հավաքների ազատության մասին օրենքի և այլ իրավական ակտերի պահանջները.
- կոպտորեն խախտվում են մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու, անհնազանդություն իրականացնելու, ազատ տեղաշարժվելու, ինչպես նաև սեփականության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները,
- ՀՀ ոստիկանության ծառայողները, առանց ներկայանալու, առանց տարբերանշանների, հաճախ քաղաքացիական հագուստով, չունենալով որևէ իրավական հիմք, անհամաչափ և առանց անհրաժեշտության, ինչպես նաև բռնության գործադրմամբ զանգվածաբար ձերբակալում և բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին, այդ բռնություններին բացականչություններով արձագանքող պատահական անցորդներին և զանգվածային լրտվության միջոցների ներկայացուցիչներին, ինչը զուգորդվում է մարդկանց գույքի, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների վնասմամբ,
- ՀՀ ոստիկանության ծառայողները բաժանմունքներ բերման ենթարկածներին ստիպում են հրաժարվել փաստաբանական ծառայություններից, առանց արձանագրություններ կազմելու ապօրինի պահում են օրենքով սահմանված երեք ժամից ավելի,
- Խաղաղ ցույցերը որակվում են որպես մասսայական անկարգություններ, և այդ պատրվակով հարուցվում են քրեական գործեր, այնուհետև ցույցի մասնակիցների նկատմամբ առաջադրում են մեղադրանքներ, իրականացվում են կալանավորումներ:
- Պետական գործիչները և տարբեր աստիճանի պաշտոնյաները խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման սպառնալիքներ են հնչեցնում՝ ապահովելով բնակչության շրջանում վախի մթնոլորտի պահպանումը: