00:00:00

Երկխոսություն, բայց ինչի՞ շուրջ. Արմեն Սարգսյանի առաջարկի հետքերով. «Ժողովուրդ»

13:09, 20 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախագահական երկու ժամկետից հետո արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում մեկ շաբաթից ավելի անցկացվող բողոքի ցույցերը լուրջ անհանգստություն են պատճառել իշխանություններին, և հիմա նրանք ընդդիմությանը երկխոսության առաջարկ են անում: Նախօրեին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այդ մասին ակնարկել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երեկ արդեն իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն է հայտարարություն տարածել՝ նշելով, թե բողոքի ցույցերը «համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են», ու կոչ արել խորհրդարանական ուժերին նորընտիր նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս հայտարարության համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է. «Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը: Որպես պետության ղեկավար` ես հրավիրում եմ կողմերին երկխոսության` ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը: Ակնհայտ է՝ և՛ Արմեն Սարգսյանը, և՛ ՀՅԴ-ն իրենց հայտարարություններն արել են պետության փաստացի ղեկավար Ս. Սարգսյանի հետ համաձայնեցված: Վերջին տասը տարիները ցույց են տվել, որ Ս. Սարգսյանն ինչ-որ փոխզիջումների գնացել է ստիպված՝ փողոցի ճնշման արդյունքում: 2008թ. հետո նա հանրահավաքային պայքարի ճնշման ներքո ազատ արձակեց քաղբանտարկյալներին, նաև ընդդիմության պահանջով ԸՕ-ում համապատասխան դրույթներ ամրագրեց: Բայց հետո տեսնելով, որ զիջումների արդյունքում թուլացել է հասարակական ճնշումը, կրկին ամրապնդել է իր դիրքերը` փորձելով ընդդիմությանը կազմաքանդել: Կարելի է կռահել, որ նույնն է սպասվում նաև հիմա: Միաժամանակ դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ այդ երկխոսությունը: Հասարակության մեծամասնությունն այսօր չի ցանկանում Սերժ Սարգսյանին տեսնել երկրի ղեկավարի, տվյալ դեպքում` վարչապետի պաշտոնում՝ հենց նրա վարած քաղաքականության արդյունքում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր