00:00:00

Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին. Վարդանյան

20:42, 17 ապրիլ 2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ:

Հարգելի խորհրդարան, Հարգելի պարոն Սարգսյան, Ես անցյալից չեմ խոսի: Մինչև այժմ արված-չարվածի գնահատականը պատմությունն ու ժամանակն են տալու: Տալու են և՛ մեր սերնդին, և՛ գլխավոր դերակատար անձանց: Տալու են՝ գրանցելով նաև այն արդյունքները, որ այս ընտրությամբ հնարավորություն է ստանում իրականացնել Սերժ Սարգսյանը: Տալու են մեկնելով մի չափանիշից՝ ինչպիսի՛ Հայաստան ու հասարակություն ենք ունենալու: Կխոսեմ այն խնդիրներից, որ ծառացած են մեր պետականության առաջ և որոնք, այս փուլում, կարծում եմ, ճշգրիտ են ձևակերպված: Միշտ ասել եմ՝ առաջիկա տարիներին կատարվելիքի հիմքում երեք հիմնարար փաստաթղթեր են՝ նոր Սահմանադրությունը՝ իր համակարգային փոփոխություններով, այս գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Հանրապետության նախագահի ելույթը և Հանրապետական ու Դաշնակցություն կուսակցությունների երկու համաձայնագրերը՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելու, երկրում որակական, արմատական բարեփոխումներ կատարելու նպատակադրումով: Ի՞նչ է ենթադրում նոր Սահմանադրությունը, որո՞նք են նպատակներն ու խնդիրները՝ ոչ իմ ձևակերպմամբ:
  • «կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ,
  • Հանրապետության Նախագահը նոր լիազորություններով կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
  • խիստ կնվազի իշխանության անձնավորումը,
  • չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում, իսկ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը,
  • կբարձրանա խորհրդարանի ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողական դերակատարությունը,
  • երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանություն-ընդդիմություն երկբևեռ դասական քաղաքական համակարգ,
  • երկիրը կկարողանա ավելի ճկուն լինել արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմագրավելիս, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ։
Սահմանադրական փոփոխությունները լավ հիմք են պետությունում քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումը բացառելու համար: Սահմանադրական բարեփոխումները նոր փուլ են իրավունքի գերակայության, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման ճանապարհին: Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին: Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նրա դեմ արդյունավետ պայքարելու ձևերն ու եղանակները: Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին, որոշակի մտածողություն ու որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորը անարդարությունն է: Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Մենք այսօր, առավել քան երբևէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն» մշակույթը: «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Էական նշանակություն ունի եկամուտների բաշխման արդարության և համաչափության ցուցանիշների բարելավումը, որ հասարակության բոլոր խավերի համար տեսանելի և շոշափելի լինեն տնտեսական աճի արդյունքները: Մեծամասնություն լինել չի նշանակում բոլոր հարցերի ճիշտ լուծումներն իմանալ: Քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներն են, այլ մեր պետության առաջ կանգնած խնդիրների լուծման տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ: Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությամբ, համագործակց-աբար, ուս ուսի տված, տարբեր մոտեցումների համադրմամբ, մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է: Արցախի հարցում ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի»։ Այս ընդարձակ հատվածից առաջ ասացի՝ ոչ իմ ձևակերպմամբ: Այո, այս մեջբերումները Ազգային ժողովում Հանրապետության նախագահի 2017թ. մայիսի 18-ի ուղերձից էին: Հիմա մենք պարոն Սարգսյանին ընտրում ենք վարչապետ՝ հսկայական խնդիրների ա՛յս բեռով ու պատասխանատվությամբ: Նաև՝ մեջբերումներով վստահ, որ ինքն ամենից լավ է պատկերացնում մարտահրավերները, տեսնում անցնելիք դժվար ճանապարհը: Այստեղ գովերգումներն ու հաճոյանալը տեղին չեն, տեղին է յուրաքանչյուրիս՝ մեր բաժին պատասխանատվության ստանձնումն ու ամենօրյա աշխատանքը: Մանավանդ վերջերս պարոն Սարգսյանը խոսել է այս ընթացքում իր անհատական բացառիկ պատասխանատվության մասին: Այս ընտրությամբ մենք նաև բացառում ենք ստվերային կառավարման հնարավորությունը, երբ գործադիր իշխանությունը կղեկավարեր մեկը, բայց որոշումները կկայացվեին այլ տեղում: Հարգելի խորհրդարան, Այսօր Հայաստանի քաղաքացիների մի մասը տարբեր պատկերացում ունի մեր ճանապարհի վերաբերյալ: Իրենց իրավունքն է: Բայց միայն Հրանտ Մաթևոսյանի՝ «քո ազատության սահմանը մինչև իմ ազատության սահմաններն են» գիտակցումով:  Ես վստահ եմ՝ մեր համատեղ առաջադրած նպատակներն ու հետևողական աշխատանքն են ապահովելու երկրի բնականոն զարգացումն ու անվտանգությունը: Մեր մոտեցումներն ավելի փաստարկված են ու գործուն: Հարգելի պարոն Սարգսյան, Ձեզ մաղթում եմ կամք, իմաստնություն և վճռականություն: Որ երբ գա ժամանակը, կարողանաք հանգիստ խղճով ասել՝ ճակատագրով ինձ վիճակված բեռը տարել եմ պատվով ու պատասխանատվությամբ. Հայաստանը ուժեղ, ազատ, արդար երկիր դառնալու անշրջելի ճանապարհին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր