00:00:00

Նավալնին տեղափոխվել է բեռլինյան Charite կլինիկա. նրա հետ Բեռլին է մեկնել կինը

13:45, 22 օգոստոս 2020 Աշխարհ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են բեռլինյան Charite կլինիկա, գրում է dw.com-ը:
Նրա հետ Բեռլին է ժամանել կինը՝ Յուլյան: Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, Գերմանիայից Օմսկ ժամանած հատուկ օդանավն առավոտյան մեկնել էր Բեռլին՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխելով գերմանական կլինիկաներից մեկը: Այդ մասին հայտնել էր Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը: «Ալեքսեյին տեղափոխող օդանավը մեկնել է Բեռլին: Մեծ շնորհակալություն բոլորին իրենց աջակցության համար: Ալեքսեյի կյանքի և առողջության համար պայքարը նոր է սկսվում, և դեռ անցնելու շատ բան կա, բայց այժմ գոնե առաջին քայլն արվել է», - գրել էր Յարմիշը Twitter-ում: Օդանավն Օմսկ քաղաքի օդանավակայանից մեկնել էր տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Դրանից երկու ժամ առաջ Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են օդանավակայան: Օմսկի հիվանդանոցի բժիշկները նշել էին, որ Նավալնիի վիճակը որոշակիորեն կայունացել է: Թեև նրանք պնդել էին, որ նա կարող է բուժում ստանալ հենց Օմսկում, սակայն հարազատների պնդմամբ նրան Բեռլինում գտնվող Charite բժշկական կլինիկա տեղափոխելու և բուժումն այդտեղ շարունակելու որոշում էր կայացվել: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, երեկ դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով թույլ տալ իր ամուսնու տեղափոխությունը Գերմանիայի կլինիկաներից մեկը: «Ներկա պահին իմ ամուսինը գտնվում է Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Ես կարծում եմ, որ Ալեքսեյ Նավալնիին որակյալ բուժօգնություն է հարկավոր Գերմանիայում... Պաշտոնապես դիմում եմ Ձեզ՝ պահանջելով թույլ տալ Ալեքսեյ Նավալնիի տեղափոխումը Գերմանիա»,- ասվում է ՌԴ նախագահին հասցեագրված դիմումում: Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է: Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր