00:00:00

Հայաստանը կանգնած է ներքին պայթյունի վտանգի առաջ. Արսինե Խանջյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

17:11, 17 ապրիլ 2018

Հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այս օրերին Երեւանում անցկացվող ցույցերին՝ այդ առիթով Facebook-ում  բաց նամակ հղելով Սերժ Սարգսյանին: Բաց նամակում, մասնավորապես, ասվում է. «Պրն Սերժ Սարգսյան, Դուք քաջ տեղյակ եք, որ ողջ հայությունն այս օրերին հետևում է երկրում ծավալվող խաղաղ ցույցերին: Ես Ձեզ եմ ուղղում իմ նամակը, քանի որ մեր ազգի համար այս բեկումնային պահին Դուք եք ուշադրության կենտրոնում: Որպես քաղաքացի` Դուք Ձեր իմացության սահմաններում ծառայել եք մեր հայրենակիցներին և հաճախ հանդես եկել որպես Սփյուռքում հայ ազգի պաշտոնական ներկայացուցիչը: Ցանկացած մարդու պես` Ձեր` Հանրապետության նախագահի դերում իրականացրած գործունեությունը խոչընդոտներով լի է եղել: Դուք պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում առնչվել եք անկախությունից ի վեր մեր հանրությունը ջլատող խնդիրների հետ: Միգուցե արել եք Ձեր առավելագույնը, սակայն հանրային կարծիքն այլ բան է փաստում: Կոռուպցիան, օրենքի գերակայության բացակայությունը, ոստիկանական բռնությունները, արդադատության ուղղակի սահմանափակումը, կաշառքն ու ընտրական խախտումները, աղքատությունը, արտագաղթը, մարդու և քաղաքացիական իրավունքի ոտնահարումը (կանանց հանդեպ բռնություն, խտրականություն ԼԳԲՏՔ համայնքի հանդեպ), խոսքի ազատության բացակայությունը Ձեր կառավարման տարիների ամենօրյա աշխատանքի արդյունքն են: Իհարկե, Դուք առերեսվել եք նաև Արցախյան պատերազմի սարսափելի իրականության հետ: Իհարկե, մենք հասկանում ենք, թե ինչպիսի զգուշավորություն է անհրաժեշտ չսայթաքելու համար, երբ շրջապատված եք միջազգային շահը հետապնդող ուժերով, որոնց հոգը չեն Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը: Բայց Դուք հաճախ մոլորեցրել եք մեզ բոլորիս` շահարկելով արտաքին սպառնալիքը շատ ավելի վտանգավոր` վերոնշյալ ներքին խնդիրների պարագայում: Ես` իմ բազմաթիվ հայրենակիցների պես, վստահաբար հավատում եմ, որ մեր սիրելի հայրենիքին այսօր վնասողն այս աշխարհաքաղաքական դրությունը չէ: Հայաստանը տեղի չի տա և չի պայթի արտաքին թշնամական ուժերի պատճառով, եթե Դուք այլևս ղեկավար մարմնում չլինեք: Սակայն Հայաստանը կանգնած է ներքին պայթյունի վտանգի առաջ, որովհետև Դուք և Հանրապետական կուսակցության Ձեր գործընկերները շարունակում եք անտեսել քաղաքացիների ժողովրդավարության պահանջն ու այն հավատը, որ դա է գոյատևման մեր միակ հույսն ու ռազմավարությունը: Ես և Դուք տարիներ առաջ կարճ զրույց ենք ունեցել: Միգուցե քաղաքական ճնշման տակ Դուք այդ ժամանակ նշեցիք, որ հայ ժողովուրդը ոչխարի հոտի պես է: Ես, Ձեր փոխաբերությունից վրդովված, պատասխանեցի, որ եթե նույնիսկ այդպես է, ապա նրանք վստահաբար լավ Հովվի կարիք ունեն: Այդ օրերից ի վեր Հայաստանում տեղի ունեցած ցնցումներն ու Սփյուռքի համայնքներում Ձեր կառավարման ոճի հանդեպ բողոքի դրսևորումները ապացուցել են, որ մենք ոչխարի հոտ չենք: Մենք ուժեղ, արդար և օրինական առաջնորդություն վարող լավ Հովիվ փնտրող ազգ ենք: Այսօր, մինչ ես գրում եմ Ձեզ, մեր ծեր և երիտասարդ, մասնագետ և ուսանող հայրենակիցներն արտահայտում են նախագահության տարիներին Ձեր վարած գործունեության և մեր սոցիալական, տնտեսական և քաղաքական հարցերում Ձեր կողմից անձնական շահը գերադասելու վերաբերյալ իրենց զայրույթն ու բողոքը` ձեռնարկելով հստակ քայլեր, այն է` կամ հուսահատությունից լքելով երկիրը, կամ, ինչպես վերջին օրերին, հերթական անգամ դուրս գալով փողոց և խաղաղ միջոցներով, բայց վճռականորեն պահանջելով իշխանության արդար փոփոխություն: Նրանց հիմնական պահանջը, ինչպես ես եմ լսում, այն է, որ Դուք թույլ տաք երկիրը կանգնեցնել մի նոր ուղու վրա, որը պետական կառույցների համար պատշաճ ժողովրդավարական հնարավորություններ կընձեռնի: Պարոն Սերժ Սարգսյան, Հայաստանի ներքին քաղաքականությունը չի կարող մեկնաբանվել և հասկացվել բացառապես Ձեր անձնական բացարձակ պայմաններով, չափորոշիչներով և մարտավարությամբ: Դուք երդվել եք ծառայել մեր հայրենիքին սիրով, հույսով և ուղիղ հաղորդակցությամբ այն քաղաքացիների հետ, ում ներկայության շնորհիվ մենաք այս հողատարածքը Հայաստան ենք կոչում: Բայց այսօր իշխելու Ձեր համառ ցանկությամբ Դուք ևս մեկ անգամ ուժով պարտադրում եք Ձեր ներկայությունը ղեկավար մարմնում, այս անգամ` վարչապետի դերում: Ես հորդորում եմ Ձեզ և Հանրապետական կուսակցությանը գոնե այս անգամ վերջապես թույլ տալ, որ բազմազանության ձայնը ստանձնի փոփոխությունների ղեկը և երկիրը տանի դեպի նոր հաստատված այնպիսի Խորհրդարնական համակարգ, որն իսկապես կներկայացնի ժողովրդի յուրաքանչյուր անդամին: Հակառակ դեպքում բոլոր մեր հայրենակիցների անունից ես կընդգծեմ, որ Ձեր անունը մեր ազգի, մեր երկրի և աշխարհի պատմության մեջ կմնա ոչ թե որպես կարող առաջնորդի, այլ որպես իշխանություն տենչացող բռնապետի անուն: Մենք Ռուսաստան չենք: Ոչ էլ Թուրքիա: Ոչ Ադրբեջան, ոչ... ցավոք, այս ցանկը երկար է: Մենք փոքր, բայց հպարտ ազգ ենք, որը գոյատևել է` ի հեճուկս բոլոր խոչընդոտների, որոնք երբևէ բուֆերային գոտի չեն թողել, որպեսզի մենաք հեշտությամբ ուղղեինք մեր մեջքն ու վերականգնեինք մեր ուժերը: Բայց մենք կարող ենք! Ապրիլի 17-ին` մեր ազգի մեծագույն ողբերգության` 1915-ի ապրիլի 24-ի հիշատակումից օրեր առաջ Դուք կարող եք պատմական կարևոր քայլ կատարել` լսելով Երևանի փողոցներ դուրս եկած բոլոր այդ մարդկանց, հարգելով Ձեր արդար ընդդիմադիր գործընկերներին և սատարելով Սփյուռքին, որն անշեղորեն հավատում է, որ մեր հայրենիքն ի վերջո կգտնի իր բարօրությունը: Խնդրում եմ, ուժ մի կիրառեք: Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ որևէ մեկի մատը կամ ձեռքը վնասվի ոստիկանական բռնությունների արդյունքում: Խնդրում եմ, եղեք այն համեստ և վստահ Հովվի ձայնը, ով առանց վախի, անկախ հնարավոր ռիսկերից կարող է թույլ տալ իրեն և իր ժողովրդին ոտք դնել Հայաստանի համար խոստումնալից ապագայի այս անցումային ուղու վրա: Մենք կարող ենք ձևակերպել մեր ազգային շահն ու միասնական անկոտրում ուժ դառնալ արտաքին սպառնալիքների դեմ, որի հետ հարկ կլինի հաշվի նստել: Պարոն Սերժ Սարգսյան, համեստությունը, նույնիսկ քաղաքականության մեջ, թուլություն չէ: Դա մարդկային ուժ ու որակ է, որն ընտրության հնարավորություն է ստեղծում, և Ձեր երկիրը, իմ ժողովուրդը հենց դա է ակնկալում Ձեզնից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր