00:00:00

Իգնատի Առաքելյանն այցելել է Սյունիք. մարզում զարգանում է շինշիլաբուծությունը, ընդլայնվում են ինտենսիվ այգիների տարածքները

21:57, 17 ապրիլ 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի նպատակն էր մարզի ոլորտի պատասխանատուների և ֆերմերների հետ քննարկել գյուղատնտեսության բնագավառում ընթացիկ խնդիրները և ներկայացնել նախարարության նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մասնակցել է Սյունիքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Վահե Հակոբյանը, նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, համայնքների ղեկավարներ, ֆերմերներ, պաշտոնատար այլ անձինք: Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է գյուղոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, այդ թվում` կաթիլային ու անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման նախաձեռնությունները, անդրադարձ կատարել սերմնարտադրության զարգացման հարցերին: Խորհրդակցության ընթացքում Իգնատի Առաքելյանը կարևորել է նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման հարցը: Անդրադարձ է կատարվել նաև մարզի արոտավայրերի ջրարբիացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր։ «Հիմնական հարցը, որը քննարկվեց, վերաբերում էր համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրմանը, կան կազմակերպչական խնդիրներ, ներկայացվեց առաջարկություն, որին ընդհանուր առմամբ դեմ չենք, և եթե օրենքը թույլ է տալիս, ապա կարող են ունենալ գլխավոր համայնքային անասնաբույժ, իսկ մնացած ծառայությունները պատվիրակել այլ անասնաբույժների։ Քննարկվեց  ինտենսիվ այգիների ծրագիրը, քանի որ այստեղ կարկտահարությունից վնասներ չկան, կարկտապաշտպան ցանց ներդնելու կարիք չկա, առաջարկություն եղավ ինտենսիվ այգիների ներդրման ծրագրից օգտվել առանց ցանցերի ներդրման։ Կուսումնասիրենք, կտեսնենք՝ էլ ինչ խնդիրներ կան ծրագրերի հետ կապված և կհամապատասխանեցնենք շուկայի պահանջարկին», - ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը։ Այնուհետև Իգնատի Առաքելյանն ուղևորվել է «Փափուկ» շինշիլաբուծական տոհմային տնտեսություն: 2015 թվականից գործող տոհմային տնտեսությունում ի սկզբանե ունեցել է 40-50 կենդանի, գլխաքանակն աստիճանաբար ավելացրել են, ապրիլի վերջին նախատեսվում է ներմուծել մոտ 2000 գլուխ կենդանի: Շինշիլաները ներմուծվում են Դանիայից և Լեհաստանից, արագ հարմարվում են Հայաստանի կլիմային, շատ հեշտ են պահվում և մեծ խնամք չեն պահանջում: Տնօրեն Մհեր Միրզոյանի խոսքով՝ մորթին այժմ մշակման փուլում է, վերջնական արտադրանքը մոտ 2-3 ամիս անց կհայտնվի շուկայում: «Սպառման համար պայմանավորվածություններ ունենք հիմնականում Կանադայի, Լեհաստանի և Դանիայի հետ, որոնց պահանջարկը մեծ քանակներով է», - նշել է Մհեր Միրզոյանը` հավելելով, որ արտադրանքի իրացման պայմանավորվածություններ կան նաև տեղական շուկայում: Այցի երկրորդ օրը նախարարի պաշտոնակատարն այցելել է «Լամաքս գրուպ» ՍՊԸ-ին պատկանող մի շարք ընկերություններ, տեղում ծանոթացել գործարանների արտադրանքին, ներկա հզորություններին ու առաջիկա ծրագրերին: «Լամաքս Գրուպ» ՍՊԸ-ի կազմում են «Մարիլա» և  «Վամաքս» ընկերությունները, ունեն նաև մանր եղջերավոր կենդանիների սպանդանոց և տոհմային խոզաբուծական ֆերմա, արտադրանքն իրացնում են «Սյունիքի բարիքներ»  խանութների ցանցում և խոշոր սուպերմարկետներում։ Տնօրեն Ալյոշա Մկրտչյանն ընդգծում է, որ կաթնամթերքն արտադրում են բացառապես անարատ կաթից, արտադրական պրոցեսում չոր կաթ առհասարակ չի կիրառվում։ Ընկերության կաթնամթերքի պահպանման ժամկետները շատ կարճ են, իրացումը կազմակերպում են Սյունիքի մարզում ու Երևան քաղաքում, իսկ վերջին մեկ ամսում այն նաև Արցախի սպառողներին է հասնում։ Սպառման խնդիրներ չունեն. կաթնամթերքի պահանջարկը հաճախ չեն կարողանում ամբողջությամբ բավարարել, ուստի  փորձում են ավելացնել արտադրական ծավալները՝ կաթնատվության բարձրացման և այլ միջոցառումների հաշվին։ Ընկերությունն աշխատում է փակ շղթայով. վերամշակված արտադրանքի ստացման համար օգտագործում են բացառապես սեփական արտադրության  կաթը և միսը, այստեղ  ապահովում են ապրանքների հետագծելիությունը, խստիվ պահպանվում են անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերը։ «Վամաքս»  ընկերությունն ունի շուրջ 800 խոշոր եղջերավոր սիմենթալ ցեղատեսակի կենդանիներ։ Տնօրենը նշում է, որ իրենց արտադրանքի ինքնարժեքը բարձր է, քանի որ  բարձրորակ հումք են օգտագործում։ Այս համատեսքստում նա կարևորել է մակնշման պահանջի պահպանումը, ինչի շնորհիվ իրենց արտադրանքն ավելի մրցունակ կդառնա։ Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը եղել է նաև «Ագրոբիոպրոդուկտ» ՍՊԸ-ում, որը զբաղվում է հիմնականում թռչնամսի, թռչնակերի արտադրությամբ, իսկ մեկ ամիս առաջ սկսել են նաև անասնակերի արտադրությունը: Ընկերության հիմնադիր Արմեն Հարությունյանը նշել է, որ ճտերը ներմուծվում են հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետությունից և Վրաստանից, այս պահի դրությամբ ճտերի քանակը կազմում է մոտ 20 հազար, թռչնամիսը սպառվում է հիմնականում Սյունիքում, սակայն հետագայում նախատեսում են ընդլայնել իրացման շուկան: Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է սկսել լիզինգի  նոր ծրագիր, որի շրջանակում հնարավոր կլինի անասնապահական և կաթի վերամշակման նոր սարքավորումներ ձեռք բերել՝ համոզմունք հայտնելով, որ ծրագրից օգտվելով՝ փոքր ֆերմերները, որոնք ցանկանում են անասնապահությամբ զբաղվել,  կկարողանան ստանալ բարձրորակ կաթ, որը մեծ պահանջարկ ունի, և «Մարիլա» ընկերությունը, որը այսօր աշխատում է փակ ցիկլով, ֆերմերներից նույնպես մթերումներ կիրականացնի: «Մենք շատ ուրախ ենք, որ այսօր ներդրումներ են իրականացվում թռչնաբուծության մեջ, որովհետև այսօր դա երևի թե ամենամատչելի մսի տեսակն է սպառողի համար, և համոզված ենք, որ ոլորտը զարգանում է և վստահաբար նոր ներդրումներ են ակնկալվում»,- ընդգծել է Իգնատի Առաքելյանը՝ անդրադառնալով տեղական թռնչաբուծության զարգացման հնարավորություններին: Նա նաև հավելել է, որ Սյունիքի մարզի սերմնաբույծներին տրամադրվել է ցորենի սերմացու և  ակնկալվում են լավ արդյունքներ: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում մարզի ցուցանիշները` Վահե Հակոբյանը նշել է, որ մարզում առավելապես հետաքրքրված են ինտենսիվ այգիների հիմնման ծրագրով, այգետարածքներն ավելացել են մոտ 22 հեկտարով` հիմնականում  այս այգիների շնորհիվ: Միաժամանակ մարզպետը վստահություն է հայտնել, որ աստիճանաբար այգեգործները կսկսեն գիտակցել ինտենսիվ այգիների առավելությունն ավանդականի նկատմամբ։ Մարզում աշխատանքներ են իրականացվում նաև սպանդանոցների շինարարության ուղղությամբ. «Ունենք երկու սպանդանոցի ծրագիր Սիսիանի տարածաշրջանում, որոնց կառուցումն արդեն մեկնարկել է, Կապանում գործում է մանր եղջերավորի սպանդանոց, որի հիմնական արտադրանքն արտահանվում է Իրան», - նշել է մարզպետը: Այցի շրջանակում Իգնատի Առաքելյանը և Վահե Հակոբյանը մասնակցել են նաև Կապանում կազմակերպված ծառատունկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր