00:00:00

Համերաշխություն մինուս Ծառուկյան, Մարուքյան, Սարգսյան

03:03, 15 ապրիլ 2018

Նախ  Երեւանի Ազատության,հետո արդեն Ֆրանսիայի հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության անդամ,  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ուժերին համերաշխության կոչ արեց:  Փաշինյանը դիմելով բոլոր այդ ուժերին կոչ արեց գալ հրապարակ եւ միասին տրամաբանական ավարտին հասցնել սկսված պայքարը: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը առանձնահատուկ կոչով դիմեց դաշինքի երկու կուսակցությունների առաջնորդներին՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանին եւ Արամ Սարգսյանին: Նրանք այդպես էլ չեն արձագանքել Փաշինյանի կոչին: Երկու օր է ՀՀ քաղաքացիները փողոցում են: Էդմոն  Մարուքյանն ու Արամ Սարգսյանը պատգամավոր են դարձել նույն այն քաղաքացիների քվեի շնորհիվ, ով այսօր լուսացնում է Ֆրանսիայի հրապարակում: Հրապարակում հավաքված քաղաքացիներից եւ ոչ մեկը երաշխիք չունի, որ իր անվտանգությունն ապահովված է: Քաղաքացին ընտրությունների ժամանակ պաշտպանել է Մարուքյանին ու Սարգսյանին, հույս ունենալով, որ անհրաժեշտության դեպքում նրանք էլ իր կողքին կկանգնեն: Իհարկե «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարները կարող են հակադարձել, թե հրապարակում իրենց ընտրազանգվածը չէ, որ կանգնած է, սակայն անկախ այդ հանգամանքից նրանք այս հարցում պարտվեցին, եւ առաջին հերթին, ոչ թե իշխանությանը, այլ սեփական ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց նաեւ «Ծառուկյան» դաշինքին: Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Գագիկ Ծառուկյանն ու իր թիմը բնականաբար երբեք փողոց դուրս չեն գա: ՀՀ քաղաքացիները եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը եւս սա հստակ գիտակցում են: Իշխանությանը պետք է գրպանային ընդդիմություն, ինչը ԲՀԿ-ն լավագույնս կատարում է, չէ, որ ինչ անում են «հանուն» ժողովրդի են անում: Առայժմ Փաշինյանի  համերաշխության կոչին արձագանքել եւ եկել են  հրապարակ՝ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Նոր Ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանը, «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային Համաձայնության» նախագահ Արամ Հարությունյանը: Վերը թվարկված քաղաքական գործիչների՝ պայքարին միանալն իհարկե ողջունելի է, սակայն անազնիվ կլինի չնշել, որ նրանք չունեն բավարար ռեսուրսներ, սկիզբ առած պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Առայժմ հարթակում գտնվող ուժերն ունեն  համերաշխություն + պայքարող քաղաքացի (երեկ նրանց թիվը հիսուն հազարի էր հասնում, այսօր մի փոքր քիչ), եւ մինուս Մարուքյան, Սարգսյան ու Ծառուկյան: Նրանք հեռացան, ոչ միայն քաղականությունից, այլ ժողովրդից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր