00:00:00

ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք»-ի գնահատականը կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության քայլերին

17:50, 11 հուլիս 2020 Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան»«Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ
2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն։
Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը և անտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին: Մարտի 12-ին Հայաստանում գրանցվեց վարակի առաջին օջախը։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մեկը նույնպես վարակակիր է։ Ըստ էության, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այն հայտնաբերվեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակետերում առավել  մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք է կազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերության մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումները անդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը: Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դիրքավորվեց գործադիրին սպասարկողի դերում։ Բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգ դրության միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդես եկան հակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման հորդորներով և ծրագրային առաջարկություններով։ Իշխանության արձագանքը եղավ անտեսումն ու մերժողականությունը, ակնհայտ սխալները քննադատողները պիտակավորվեցին որպես խուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացած անհանդուրժողականության մթնոլորտն ու ներազգային պառակտումը։ Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատվության նկատմամբ կոշտ գրաքննության սահմանումը։ Դրանով իշխանությունը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցված վարքագիծ դրսևորելու անհատական պատասխանատվությունից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծավալների ու զանգվածային մահացությունների մասին լուրեր ստանալու իրավունքից։ Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխություն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակ ռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրին վտանգի հասարակական համարժեք ընկալումներին։  Փոխարենը որդեգրվեց էժանագին պոպուլիզմը: Շահարկելով արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորությունները՝ նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց սահմանադրական դատարանը, յուրացրեց իշխանությունը: Շարունակաբար առաջ են մղվում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղետի շեմին բարձրացվում է գույքահարկը։ Իշխանության հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Այն գործողությունները, որոնք պարունակում են հանրային առողջության պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակային կանոնները, դրանցով պայմանավորված` քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացվել առանց արտակարգ դրության: Արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտ միջոցառումներ, որոնց գործադրումը թելադրված է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն արագորեն չեզոքացնելու հրամայականով: Մինչդեռ արդեն 120 օր ձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանց էականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։ Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ: Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարող գտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցության հավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ: Չնայած ականջահաճո թվերին՝ սոցիալական աջակցության ծրագրերը չեն ներառում իրական կարիքավորների ողջ շրջանակը, հրապարակ են բերվում տնտեսական ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին բանկային աջակցության անպիտան գործիքներ, անորոշ է պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրումը, գործարարությանը աջակցելու փոխարեն ֆինանսավորվում են բանկերը, որով կառավարությունը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսի աջակցության ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։ Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքով փոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն  300 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգային սուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը,  կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ու ծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում: Կառավարության չմտածված և անհավասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր են անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի շատ մարդիկ համարում են պարզ սուտ, նպատակ ունեն քողարկելու իր վարկանիշի անկումը: Պատահական չէ, որ ստեղծված վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգ դրությունով թելադրված սահմանափակումների զանգվածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն՝ իշխանությունը խոստովանում է ճգնաժամային կառավարման իր անզորությունը, որը դրսևորվեց նաև դժվար պահերին Սփյուռքի բարեսիրական նախաձեռնություններին արձագանքելու, դրանք կյանքի կոչող աշխատանքները համակարգելու անկարողությամբ: Ամփոփելով վերը ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվել իբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի արդյունքները համահունչ չեն այն հայտարարելու նպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատվությունը համապարտությամբ կրում են գործադիր իշխանությունը և խորհրդարանի իշխանական մեծամասնությունը։ ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, ինչպես և իրավապահներին ներկայացված առերևույթ քրեական հանցագործությունների մասին հաղորդման անաչառ քննությունը անուն առ անուն կպարզեն համավարակի տարածման և հարյուրավոր մահերի պատասխանատուներին։ Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդական դժգոհության ձայնը խլացնելու նպատակներով։ Համավարակին արդյունավետորեն հակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականության, ողջամտության և նպատակայնության սկզբունքներով՝ բացառելով մարդկանց և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ինքնանպատակ, անհամաչափ և անարդյունավետ սահմանափակումները: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.
  1. Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը:
  2. Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին:
  3. Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր