ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ հրապարակած Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետեւում է Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին։
Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչեւ օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերթությունները, ինչպիսի հասարակության եւ քաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց այդ փաստաթղթի, ԿԳՄՍՆ-ն արդեն ներկայացրել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» վիճահարույց եւ անընդունելի դրույթներ պարունակող օրենքի նախագիծը, այժմ էլ օրակարգ է բերվել հանրակրթական չափորոշիչների մասին կարեւորագույն նախագիծ։
Մենք արձանագրում ենք՝ այս նախագծում տեղ են գտել խնդրահարույց եւ ռիսկային ձեւակերպումներ եւ նպատակադրումներ, որոնք մշտապես եղել եւ շարունակելու են մնալ մեր ուշադրության կենտրոնում․
Մասնավորապես՝
Նախագծով Հայոց եկեղեցու պատմություն առարկան դադարում է դասավանդվել որպես առանձին առարկա։
ՀՅԴ ՀԵՄ-ն անցած տարի արդեն հստակեցրել էր իր դիրքորոշումն այս հարցում՝ Հայոց եղեկեղցու պատմություն առարկան՝ որպես առանձին առարկա պետք է շարունակվի դասվանդվել դպրոցներում, քանի որ
առարկայի շրջանակներում ուսումնասիրվող նյութերի եւ թեմաների զգալի մասը չի կարող ինտեգրվել որեւէ այլ առարկայի մեջ։
Քրիստոնեական արժեհամակարգն ընկած է հայկական ինքնության հիմքերում, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին բացառիկ դեր եւ նշանակություն ունի հայկական պետականության ստեղծման եւ պահպանման գործում, ուստի պետք է ըստ պատշաճի արժեւորվի առաջին հերթին կրթական համակարգի պատասխանատուների կողմից։ Մինչդեռ, նախագծով առաջարկվող այս փոփոխությունը հայկական ինքնության եւ արժեհամակարգի դեմ տարվող տեւական եւ հետեւողական արշավի հերթական վկայությունն է։
Ներկայումս որպես առանձին առարկա դասավանդվում է Նախնական զինվորական պատրաստությունը (ՆԶՊ)։ Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, մարտահրավեներն ու ռիսկերը, այս առարկայի եւ նրա բաղադրիչ հանդիսացող քաղպաշտպանության ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգությունից բխող անհրաժեշտություն է։
Առաջարկվող նախագծով ՆԶՊ-ն ներառվում է «Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ, որի ձեւակերպումն իսկ չի ենթադրում Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ծրագրի առաջնահերթությունները։
Առաջարկվող նախագծով վերացվում է անբավարար գնահատականը։
Այս իրողությունը փաստացի նշանակում է, որ աշակերտը կարող է ավարտել դպրոցական ծրագիրն առանց ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված նվազագույն չափորոշիչները բավարարելու: Առանց մանրամասների կամ հայեցակարգի, սա խնդրահարույց է ողջ կրթական համակարգի համար։
Նախագծում՝ վերջնարդյունքների տեսքով արձանագրված մի շարք ձեւակերպումներ՝ անհստակ առարկայական ծրագրերի պարագայում, կվերածվեն հայ հասարակության հիմքերն ու արժեհամակարգը խարխլող դպրոցական ծրագրերի։
Լրջագույն քննարկման առարկա են ինտեգրված առարկաների դասավանդման ձեւաչափը, համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների բացակայությունը, նոր դասագրքերի հարցը եւ ուսուցիչների կրճատման խնդիրը։
Հաշվի առնելով երկու տարվա ընթացում ԿԳՄՍ նախարարության եւ անձմաբ Արայիկ Հարությունյանի գործողությունները եւ հետապնդվող արժեհամակարգը, այս քայլերը մենք դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչի դուրս բերման հերթական փորձ, որն արժանանալու է մեր եւ հասարակության դիմադրությանը՝ դրանից բխող հետեւանքներով։