Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատում, որը, համաձայն 1992թ. սեպտեմբերի 30-ի Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համաձայնագրի, իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հսկողությունը:
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին զեկուցել է սահմանին տիրող իրավիճակի, սահմանապահների օպերատիվ-ծառայողական գործունեության, սահմանամերձ գյուղերի բնակիչների և հայ գործընկերների հետ սերտ համագործակցության մասին:
«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաջողությամբ լուծում է իր առջև դրված խնդիրները», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար և հաջողություններ մաղթել սահմանապահներին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետական սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները փոխվստահության վրա հիմնված մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների խորհրդանիշն են:
Նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եղել է նաև Նոր Շեն (Խարկով) գյուղում, որտեղից երևում են հայոց հինավուրց Անի մայրաքաղաքի ավերակները: Նրանք զրուցել են գյուղի միակ բնակչի՝ Վահանդուխտ տատի հետ: